Ինչու Իսոն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման, եթե Մոսոյի դին այդպես էլ չհայտնաբերվեց. դեպքերից երեք տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 3 տարի տեւած դատավարությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը վերջապես հրապարակեց քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Ըստ մեղադրական եզրակացության` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է քրեական հեղինակություն Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում եւ դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մովսես Ներսիսյանի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել:

Ասել է, թե քրեական հեղինակության եղբոր սպանությունից անցել է շուրջ երեք տարի, ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը չէր կարողանում ավարտին հասցնել դատավարությունը:

Այս գործով երեք տարի է` կալանքի տակ է գտնվում Իսրայել Սարգսյանը: 2017 թվականի հունիսի 22-ին պետք է հրապարակվեր դատավճիռը, սակայն դատավոր Բեկթաշյանը որոշեց վերսկսել դատաքննությունը: Դրանից հետո էլ եւս երկու անգամ հասնելով դատավճռի կայացման փուլին` նա չէր «համարձակվել» դա անել եւ կրկին վերսկսել էր դատաքննությունը: Իսկ սպանության մեղադրանքով շուրջ երեք տարի կալանքի տակ պահվող Իսրայել Սարգսյանն էլ շարունակում է պնդել, որ ինքը չի սպանել Թեւոս Սաֆարյանի եղբորը:

Այսքանից հետո երեկ դատավոր Բեկշաթյանը գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 25 տարվա ազատազրկման: Նշենք, որ մեղադրող դատախազը նույնպես նրա համար 25 տարվա ազատազրկում էր պահանջել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Իսրայել Սարգսյանի մայրը` Անժելա Սարգսյանը, հայտարարեց, որ տեղի ունեցածն իր որդու դեմ պատվեր է: Նա նաեւ հայտարարեց. «Աբսուրդ է` ոչ մի ապացույց չունենալով` մարդուն դատապարտեցին ազատազրկման 25 տարի, մենք չենք հանձնվելու, մենք կբողոքարկենք բոլոր ատյաններ` իմ որդու դեմ պատվեր կատարողներին պատժելու համար»:
Իսկ թե ով է պատվիրատուն, «Ժողովուրդ»-ի այս հարցի պատասխանը Տիկին Սարգսյանը չցանկացավ գաղտնազերծել. «Եթե պատվեր չլիներ, ոնց կարող են մարդուն առանց ապացույցի 25 տարի նստեցնեն, պայքարելու ենք, արդարացման հասնելու ենք, այլ կերպ չի կարող լինել»,- ասաց Անժելա Սարգսյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս