«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորներ կան, որոնք օրենսդիրում իրենց այնքան էլ հարմարավետ չեն զգում, ինչպես ձուկը ջրում։ Խորհրդարանը նրանց համար մի տեսակ տրանզիտ գոտի է՝ հետագայում գործադիր կամ դատական համակարգ տեղափոխվելու հեռանկարով։
Օրինակ՝ Հրայր Թովմասյանն ու Գեւորգ Կոստանյանը, ասում են, անհամբեր սպասում են, թե երբ են տեղափոխվելու։ Երկուսն էլ գործադիրում աշխատած դեմքեր են ու իրենց այնտեղ են ավելի լավ զգում։ Խոսակցություններ կան, որ հնարավոր է նրանք տեղափոխվեն դատական համակարգ։ Հրայր Թովմասյանի մասին ասում էին, թե պետք է նշանակվի ՍԴ նախագահ կամ անդամ, բայց դա այդպես էլ խոսակցության մակարդակից այն կողմ չանցավ։
Գեւորգ Կոստանյանն էլ, ըստ լուրերի, հնարավոր է տեղափոխվի նոր ձեւավորվող Բարձրագույն դատական խորհուրդ, որը պետք է գործի մարտ ամսից։ Երեկ Կոստանյանին հարցրինք այս մասին, թե ճի՞շտ է, որ երկար չի մնալու ԱԺ-ում եւ 2018-ից տեղափոխվելու է այլ պաշտոնի։ «Ես տենց խոսակցություններ չեմ լսել, նման թեմայի մասին չեմ խոսել, չեմ մտածել, չեմ քննարկել։ Ես էսքան տարիների ընթացքում ո՛չ խոսակցություն, ո՛չ տրամադրվածություն, ո՛չ ասեկոսեներ երբեւէ քննարկման առարկա չեմ դարձրել, հիմա՝ առավել եւս, իմաստն էլ չկա»,- ասաց Կոստանյանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում