Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախկին ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են: Նրան հայտնաբերելուց հետո այլ անձանց նկատմամբ եւս հետախուզում է հայտարարվել, քանի որ ստորագրություն տված անձինք փախել են երկրից:
Այս տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը 5 տարի հետախուզման մեջ գտնվող Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախկին ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանին հայտնաբերեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:
Հիշեցնենք՝ դեռեւս 2012 թվականին իրավապահները բացահայտել էին, որ Կոտայքի մարզի բնակիչ Սերգեյ Ափոյանը նույն տարվա մայիսի 8-ին վարկային կազմակերպություն է ներկայացրել տան նկատմամբ սեփականության իրավունքի` նախապես կեղծված վկայականն ու նույն տան գնահատման տեղեկանքը, այն գրավադրել իր ծանոթի անունով, որպես վարկ ստացել 4 մլն 400 հազար դրամ:
Առաջին դեպքից հինգ ամիս անց՝ օգոստոսի 31-ին, նույն անձը փորձել էր նույն վարկային կազմակերպությունից նախկին եղանակով ստանալ եւս 40 հազար դոլարի վարկ՝ մեկ ուրիշի անունով: Սակայն գործարքը չէր կայացել, քանի որ իրավապահները խարդախությունը բացահայտել էին: Այս պատմության հետ կապված ամենաաղմկոտ բացահայտումը եղավ այն, որ պարզվեց Սերգեյ Ափոյանի «տանիքը», ում հովանավորությամբ նա կարողացել էր իր խարդախությունները իրագործել: Ըստ մամուլի հրապարակումների` խարդախության փաստը կոծկել փորձելու մեջ մեղադրվել է ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, որը կեղծ գործարքներին իրավական ընթացք չտալու դիմաց Ափոյանից պահանջել էր 9 հազար դոլար կաշառք:
Այս բացահայտումից հետո իրավապահները Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի նկատմամբ հայտարարեցին հետախուզում: Նրա հովանավորյալ Սերգեյ Ափոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը: Իսկ 2014 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը խարդախության համար Սերգեյ Ափոյանին դատապարտեց ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
Գործով տուժողները բողոքարկեցին առաջին ատյանի դատարանի որոշումը: Արդյունքում Սերգեյ Ափոյանի նկատմամբ 2016 թվականին հայտարարվեց հետախուզում: Այսինքն` չնայած նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությունը, սակայն նրան հաջողվել էր Հայաստանից հեռանալ եւ ավելի լավ թաքնվել, քան իր հովանավոր, նախկին ավագ դատախազը:
Այսպիսով` որեւէ հանցանքի համար որեւէ քրեական գործով անցնելը եւ երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալը դեռ հիմք չեն, որ մարդն իսկապես մնա իրավապահների ուշադրության տիրույթում: Փաստորեն այդ ստորագրությունը որեւէ արժեք չունի. մարդիկ ազատ տեղաշարժվում են եւ երբ ցանկանան, դուրս են գալիս երկրից: Հիշեցնենք՝ այդպես երկրից հեռացավ նաեւ Վահան Մարտիրոսյանը եւ հանձնվեց Ադրբեջանին: