Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը վերջին մեկ շաբաթում երկու գրություն է ուղարկել Գյումրի քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ քաղաքում առկա խնդիրների հետ կապված: Առաջին գրությամբ, որը վերաբերում էր Գյումրիի փողոցների սառցապատ լինելուն եւ ձնամաքրման աշխատանքները ժամանակին չկատարելուն, նա քաղաքապետին հորդորել էր գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքի բնակչության անվտանգություն ապահովելու մասով: Ավելին` Շիրակի դատախազը քաղաքապետին առաջարկել էր դիտարկել նաեւ աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը:
Առաջին գրությունից երեք օր անց՝ դեկտեմբերի 15-ին, Շիրակի դատախազը հերթական գրությունն էր ուղարկել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այս անգամ տեղեկացրել էր, որ Գյումրի քաղաքում գործող «Մարաքեշ» եւ նախկին «Աուռա», ներկայում` «Սթար», դիսկո ակումբները վերջին երկու տարիներին ժամը 24:00-ից հետո փաստացի ապօրինի գործունեություն են ծավալում, եւ քաղաքապետին առաջարկել էր օրենքով սահմանված կարգով այդ օբյեկտներին վարչական պատասխանատվության ենթարկել եւ միջոցներ ձեռնարկել սեղմ ժամկետում դրանց հետագա գործունեության նպատակահարմարության հարցը լուծելու ուղղությամբ:
Շիրակի դատախազը համայնքի ղեկավարին առաջարկել էր նաեւ կանոնակարգել ակումբների` հատկապես գիշերային ժամերի գործունեությունը եւ նմանատիպ ակումբների աշխատանքը դարձնել վերահսկելի:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ:
-Պարո՛ն Գաբիրելյան, Գյումրիի ակումբների գործունեությունը կանոնակարգելու պահանջով դիմել եք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ի՞նչն է եղել նման քայլի դիմելու պատճառը:
-Մենք համապատասխան վերլուծություն, ուսումնասիրություն էինք իրականացրել, որոնք ցույց էին տվել, որ կոնկրետ նշված գիշերային ակումբներում կատարվել են մի շարք հանցագործություններ: Վերջին ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, երբ «Սթար» դիսկո ակումբում քաղաքացիներից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն էր գործադրել մեկ այլ քաղաքացու նկատմամբ` դիտավորությամբ պատճառելով գլխի վնասվածք եւ գանգի կոտրվածք: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հանցագործությունը կատարած անձը մի քանի այլ անձինք գործում ներգրավվել են որպես մեղադրալ: Քանի որ նշված հաստատությունում շարունակվում են տարաբնույթ հանցագործություններ տեղի ունենալ, ես համապատասխան միջնորդությունը ներկայացրեցի, որ ակումբին վարչական պատասխանատվության ենթարկեն եւ քննարկեն հետագա աշխատանքը կասեցնելու հարցը: Առայժմ դեռ այսքանն է:
-Հաշվի առնելով, թե այսօր ովքեր կարող են իրենց թույլ տալ գիշերային ակումբներ ունենալ, որպես մարզի դատախազ` մտավախություն չունե՞ք, որ Դուք կարող եք խնդիրներ ունենալ:
-Ո՛չ, ո՛չ, մարզի դատախազը երբեւէ նման մտավախություն չունի: Ո՞նց կարող է մարզի դատախազը մտահոգություն ունենալ:
-Իսկ պազել ե՞ք` ում են պատկանում Ձեր գրությունում հիշատակված գիշերային ակումբները:
-Ես կոնկրետ տեղեկություն չունեմ, թե ում են պատկանում այդ ակումբները, բայց ում էլ պատկանեն, կաշկանդվածություն մարզի դատախազի մոտ առկա չէ: Դուք նկատած կլինեք, որ Շիրակի մարզի դատախազը երբեւէ նման կաշկանդվածություն չի ունեցել:
-Նախորդ գրությամբ էլ Սամվել Բալասանյանից պահանջել էիք միջոցներ ձեռնարկել ձնամաքրման աշխատանքները ժամանակին կատարելու ուղղությամբ, քաղաքապետարանից Ձեզ պատասխանե՞լ են:
-Դեռ պատասխան չենք ստացել:
-Ինչո՞ւ որոշեցիք երթեւեկության հարցով էլ քաղաքապետին դիմել:
-«Ցայգ» հեռուստաընկերության լրագրողի ֆեյսբուքյան էջում գցված էր տեսագրություն, ինչը վկայում էր այն մասին, որ կոնկրետ նշված օրը Վարդանանց այգում ձյան մաքրման աշխատանքները կա՛մ չէին կատարվել, կա՛մ թերի էին կատարվել եւ նշված տեսագրությունում ակնհայտ էր, որ ավտոմեքենաները սահում էին: Այդ ամենն ինձ մոտ մտահոգություն առաջացրեց, որ ստեղծված իրավիճակը կարող է հանցագործություններին նպաստող հանգամանք հանդիսանալ, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածով նախատեսված արարքների, խոսքը ճանապարհատրանսպորտային պատահարի մասին է, որի արդյունքում անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառվում է վնասվածքներ կամ առաջացնում է մահ: Նման հետեւանքներից խուսափելու համար որոշեցի նման գրություն հասցեագրել քաղաքապետին:
-Դուք բարձրացրել էիք նաեւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարց, Դուք` որպես մարզի դատախազ, չե՞ք պատրաստվում անձամբ ստուգել, թե՞ ովքեր էին թերացել:
-Մենք կստանանք գրության պատասխանը, նոր հետագայում կորոշենք` ինչ գործողություններ կձեռնարկենք:
զրուցեց Քնար Մանուկյանը