«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սովետի օրերից «բեմին վրա քալող», այսօր էլ կառավարության եզակի կին նախարար Հրանուշ Հակոբյանը մոտ օրերս ամփոփիչ ասուլիս կհրավիրի, կներկայացնի իր ոլորտի եւ անձամբ իր ձեռքբերումները: Նախարարների մեծ մասն այս տարի ասուլիս չի տա, այս պահի դրությամբ միայն Արծվիկ Մինասյանի տարեվերջյան ասուլիսի հայտարարությունն ենք ստացել։ Մինչդեռ անցյալում գրեթե բոլորը տարեվերջին ասուլիսներ էին հրավիրում:
Խախտո՞ւմ եք ավանդույթը՝ հարցրինք կառավարության մամլո ծառայության ղեկավարին։ «Չենք խախտում, բնապահպանության նախարարը եւս տարեվերջյան ասուլիս կտա։ Բոլոր դեպքերում, տնտեսական տարին ավարտվում է հունվարին, երբ ունենում ենք տարվա ընդհանուր պատկերը թվերով, եւ նախարարների հիմնական մասն ասուլիսներով հանդես կգա այդ ժամանակ»,- ասաց Արամ Արարատյանը:
Հիմա ավելի տպավորիչ թվեր ունեք. Կարայանը չտեսնված-չլսված` 7 տոկոս աճ է ներկայացրել, հույս ունեք մեկ ամիս հետո ավելի՞ մեծ թվեր «ունենալ», մանավանդ որ ապրիլը` վարչապետի ընտրությունը, քթի տակ կլինի: «Ես արդեն ասացի, թե ինչու հունվարին, եւ ապա` կցանկանայի հիշեցնել, որ տնտեսական բլոկի, եւ ոչ միայն, նախարարներն ամփոփիչ ասուլիսներով հանդես են եկել հոկտեմբերին` ընդամենը երկու ամիս առաջ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում