Ձվի գինը խանութներում արհեստականորեն բարձրացվում է. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է.«Նախատոնական օրերին խանութներում եւ շուկաներում ձվի գնի բարձրացում է նկատվում: Որոշ խանութներում գինն արդեն 75 դրամի է հասել: Խանութներից մեկի մենեջերը «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այս շրջանում սպառումն ավելանում է, ինչի հետեւանքով որոշակի դեֆիցիտ է առաջանում: Պահանջարկի ավելացմամբ պայմանավորված էլ գինն է բարձրանում:

«Տոնական օրերին վաճառքն ավելանում է: Մի քանի օր է՝ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին տալիս: Չի բացառվում, որ առաջիկա օրերին խանութներում վաճառվող ձվի քանակը պակասի: Տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել, ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջանում»,– ասաց մենեջերը եւ հիշեցրեց, որ նախորդ տարիների համեմատ գինն այդքան էլ բարձր չէ: Ձվի գնի բարձրացումն արհեստական է՝ պնդեց «Աշտարակ ձու» ընկերության վաճառքի բաժնի պետ Արմեն Գալստյանը: Վերջինս տեղեկացրեց, որ արտադրողների կողմից ձվի բաց թողնման գինն էականորեն տարբերվում է վաճառքից:

«01 համարի ձուն բաց ենք թողնում 57 դրամով՝ դա միջին չափի ձուն է, որը մենք ամեն օր օգտագործում ենք: Այն խանութներում, որտեղ մենք ազդեցություն ունենք, կարողանում ենք գնաճին միջամտել, մնացած դեպքերում՝ ոչ: Կարող եմ ասել, որ ձվի գինը խանութների կողմից արհեստականորեն է բարձրացվում»,– հայտնեց վաճառքի բաժնի պետը:

Նա վստահեցրեց, որ շուկայում ձվի դեֆիցիտ չի կարող լինել, քանի որ արտադրողներն անհրաժեշտ քանակությամբ ապրանք են մատակարարում, մյուս կողմից էլ եղած բացը ներկրումների հաշվին է լրացվում»:

Առավել մանրամասն՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում




Լրահոս