Հարեւան Վրաստանում Ամանորը նշելը մեր հայրենակիցների համար շարունակում է մնալ նախընտրելի, որովհետեւ այն համեմատաբար ավելի մատչելի է: Գաղտնիք չէ, որ Վրաստանում հյուրանոցային ծառայություններն ավելի մատչելի են, քան մեր հանրապետությունում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանում գործող տուրիստական գործակալություններն այս օրերին հայաստանցիներին Վրաստանում ամանորյա տոներն անցկացնելու բազմատեսակ փաթեթներ են առաջարկում, որոնք բավական մեծ պահանջարկ ունեն:
Ավելին` պարզվում է, որ Հայաստանի առանձին տուրիստական գործակալություններ Թբիլիսում երբեմն ամբողջական հյուրանոցներ են ամրագրել՝ Ամանորի տոներին փաթեթներով առաջարկելու համար: Արդյունքում այս օրերին Վրաստանի մայրաքաղաքի հյուրանոցներում մեծ դժվարությամբ կարելի է ազատ համար գտնել: Բայց միեւնույն է` նման պայմաններում անգամ վրաստանյան հյուրանոցներում համարները այդքան թանկ չեն, որքան Հայաստանում, հատկապես Ծաղկաձորում:
Օրինակ` Թբիլիսիի կենտրոնական հատվածներում գտնվող հյուրանոցներում երկտեղանոց համարի չորս գիշերվա արժեքը սկսում է 500 դոլարից: Չորս աստղանի «Coral Boutique Hotel»-ում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 4-ը երկտեղանոց համարը առաջարկվում է 626 դոլարով, իսկ «The Terrace Boutique Hotel»-ում նույն պայմաններով համարը արժի 519 դոլար: Նշենք, որ Թբիլիսիի կենտրոնից փոքր-ինչ հեռու գտնվող հյուրանոցները ավելի մատչելի են: Օրինակ` «Cruise» հյուրանոցը, որը Թբիլիսիի կենտրոնից 8 կմ հեռավորության վրա է գտնվում, երկու անձի համար երկտեղանոց ստանդարտ համարը դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը առաջարկում է 540 դոլարով: Ի դեպ, Թբիլիսիի հյուրանոցների` վերը բերված գներն իրենց մեջ ներառում են գիշերավարձը, ամանորյա գիշերվա գալա ընթրիքը եւ ամենօրյա նախաճաշը:
Սրան զուգահեռ, նկատենք, որ Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում երկու անձը Նոր տարին կարող են դիմավորել եւ անցկացնել 900 հազար դրամով (1 հազար 850 դոլար): Ծաղկաձորում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի առաջարկած գները կրկին բարձր են եւ գերազանցում են մեկ մլն դրամը, կամ նույնն է, թե երկու հազար դոլարից ավել են: Իսկ «Արթուրս Աղվերան Ռիզորթ»-ը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ը ամանորյա փաթեթը երկու անձի համար առաջարկում է 500 հազար դրամ (1 հազար դոլարից մի փոքր ավել):
Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի «Արմենիա» հյուրանոցում 2 անձի համար դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը ամանորյա փաթեթը առաջարկում են 800 հազար դրամով (1 հազար 650 դոլար), իսկ 4 հոգու համար` 1 մլն 600 հազար դրամով: Նման պայմաններում բնական է, որ մարդիկ նախընտրում են իրենց ամանորյա հանգիստն անցկացնել հարեւան Վրաստանում եւ ոչ թե Հայաստանում:
Սյունէ Համբարձումյան