«Հեռուստադիտողներին սպասվում է ամանորյա հետաքրքիր թողարկում, 20-րդ սերիայով, որը համընկնում է դեկտեմբերի 31-ի հետ, կեզրափակվի եթերաշրջանը: Իմ կերպարի հետ արդեն իսկ եղել են անսպասելի զարգացումներ, էլի կլինեն»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասան Մհեր Խաչատրյանը` նույն ինքը` Գարիկը:
Հարցին, թե 2018-ին հեռուստանախագծերում կրկին նկարահանվելու առաջարկ կընդունի՞, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, սիթքոմը շատ վարակիչ ֆորմատ դուրս եկավ, եթե լինեն հետաքրքիր առաջարկներ` սցենարի եւ կերպարային առումով, մեծ սիրով կընդունեմ դրանք»:
Մենք հետաքրքրվեցինք` Մհերն իրեն տեսնում է միայն կատակերգական, թե նաեւ այլ ժանրերում. «Ես ինձ չեմ համարում կատակերգու, պարզապես մեկն եմ, ով կարող է որոշ բաներ անել ու ասել կատակով (նման բան եղել է նաեւ «Արմքոմեդիի» շրջանակում): Իսկ, առհասարակ, ինձ համար կարեւոր չէ` պետք է ներկայանամ կատակերգական, թե դրամատիկ կերպարում, կարեւորն այն է, որ տարվի որակյալ, հետաքրքիր աշխատանք: Այսինքն` եթե զգամ, որ կարող եմ ոչ հումորային կերպարում էլ ներկայանալ, կանեմ դա»,-մեկնաբանեց նա:
Մհերը խոստովանեց, որ էկրաններին հայտնվելու ցանկություն, միտք միշտ էլ ունեցել է: Իսկ արդեն կոնկրետ քայլեր ձեռնարկել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետն ավարտելուց եւ բանակում ծառայելուց հետո. «Երբ վերադարձա, եղավ «Արմքոմեդիի» քասթինգը, մտածեցի, որ ուժերս փորձելու համար լավ հնարավորություն է: Եվ, փաստորեն, հաջողեցի»:
Մհերը նախընտրում է Ամանորը նշել կա՛մ տանը, կա՛մ երկրից դուրս. «Երկրից դուրս Նոր տարին նշելը ավելի էժան է, քան հայաստանյան որոշ քաղաքներում: Ամեն դեպքում, կարծում եմ` Ամանորն ընտանեկան տոն է, եւ հարկավոր է մնալ տանը»,-ասաց նա:
Դերասանը նաեւ տեղեկացրեց, որ գործնական կյանքին առնչվող մի քանի նպատակ ունի, որոնք կցանկանա 2018-ին իրականացված տեսնել. «Մի քանի միտք ունեմ տարբեր ֆորմատների հաղորդումներ կյանքի կոչելու վերաբերյալ: Կփորձեմ իրագործել գոնե դրանց մի մասը»ե,-եզրափակեց Մհերը:
Անի Անտոնյան