Ամանորին եփել-թափելն ինձ հետաքրքիր չէ, այլ՝ սիրելիներիս անակնկալներ մատուցելը. Սոֆի Դևոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարուհի, պարուսույց եւ դերասանուհի Սոֆի Դեւոյանը նախընտրում է Ամանորը նշել քաղաքից դուրս, սակայն այս տարի տոն օրերին լինելու է տանը: Նրան այնքան էլ հետաքրքիր չէ եփել-թափելու պրոցեսը, փոխարենը պարուհին նախընտրում է Ամանորին իր շուրջը հավաքել մտերիմներին, հարազատներին եւ նրանց հիշարժան նվերներ, անակնկալներ մատուցել: Տիկին Դեւոյանը «Ժողովուրդ»-ին պատմել է 2017-ին ունեցած ձեռքբերումների, բացթողումների մասին` նշելով նաեւ, թե ինչ սպասելիքներ ունի 2018-ից: Նա նաեւ խոսել է ամանորյա զարդարանքների մասին` շեշտելով, որ նախընտրում է նախապատվությունը տալ այդ տարվա միտումներին:

-Տիկի՛ն Դեւոյան, Ամանորն ի՞նչ միջավայրում եք դիմավորելու, ո՞ւմ հետ: Սիրում եք Նոր տարին դիմավորել տա՞նը, թե՞ այլ տեղ:

-Նոր տարին նշելու եմ շատ հարազատ միջավայրում` իմ ընտանիքով: Մեզ այցելելու են ամուսնուս աղջիկները` մեկը Ավստրիայից, մյուսը` Ռուսաստանից: Մեր տուն են գալու նաեւ մեր ընկերները, այնպես որ, բոլորին հավաքելու ենք մեր շուրջը: Բոլոր ներկաներին սպասվում են հետաքրքիր, օրիգինալ անակնկալներ: Ձմեռ պապիկով, Ձյունանուշիկով իսկական Նոր տարի ենք նշելու: Ընդհանրապես, ես սիրում եմ տոնը նշել քաղաքից դուրս, թեկուզ Հայաստանում, որովհետեւ եփել-թափելն այդ օրերին այնքան էլ հետաքրքիր չէ: Բայց արդեն մի քանի տարի է` Ամանորը դիմավորում եմ տանը, քանի որ մայրս տարեց կին է, եւ ես նրան միայնակ չեմ թողնում:

-Գալիք 2018 թվականի հետ կապված ի՞նչ պլաններ եք կազմում: Կա՞ն ստեղծագործական ծրագրեր, որոնք կուզեք անպայման կյանքի կոչել:

-Պատրաստվում եմ իրականացնել շատ անսովոր մի նախագիծ` բեմադրության տեսքով: Ներկայացման պրեմիերայի օրը թերեւս կնշեմ նաեւ իմ բեմական գործունեության 50-րդ եւ «Սոֆի Դեւոյան» մշակույթի կենտրոնի գործունեության 25-րդ հոբելյանները: Ամբողջ եռանդս դրել եմ դրա մեջ: Մշակույթի կենտրոնը մարտի վերջին կներկայանա ազգային պարերով, իսկ արդեն հունիսին` գալլա համերգով, որի շրջանակում կներկայացվեն միջազգային պարեր:

-Եթե ամփոփելու լինենք 2017 թվականը, ինչպիսի՞ տարի էր այն Ձեզ համար:

-Շատ լեցուն եւ հետաքրքիր: Այս տարի ես հասցրեցի բացել իմ ֆոտոստուդիան, ատելիեն, նաեւ դպրոց Շենգավիթ վարչական շրջանում. քիչ բան չէ:

Իսկ մարդ-մարդ հարաբերություններում ի՞նչ շահեցիք եւ ի՞նչ կորցրիք այս տարի:

-Դուք ուղիղ տասին խփեցիք, որովհետեւ ես այս տարի այնքան զբաղված էի, որ շատ քիչ շփումներ եմ ունեցել: Ահռելի, ժամանակատար աշխատանք եմ տարել 2017-ին: Առհասարակ, ասեմ, որ թեեւ միշտ շրջապատված եմ մարդկանցով, իմ ընկերների շրջանակը կրճատվել է:

-Ամանորին ինչպե՞ս եք պատրաստվում զարդարել Ձեր տունը, տոնածառը: Հաշվի առնո՞ւմ եք նորաձեւության միտումները, 2018-ի թելադրանքը, թե՞ առաջնորդվում եք սեփական նախընտրություններով միայն:

-Ամեն Ամանորին տունն անպայման զարդարված է լինում: Ես շատ եմ սիրում դա անել թոռնուհուս` Սոֆիի հետ, ով, ի դեպ, կարողանում է օրիգինալ լուծումներ ստանալ: Նոր տարվա դիզայնի հետ կապված իմ ամենասիրելի էլեմենտն, իհարկե, տոնածառն է: Չի կարող լինել Ամանոր առանց տոնածառի: Զարդարանքներ ընտրելիս անպայման հաշվի եմ առնում տվյալ տարվա մոդայիկ գույները: 2018-ն, օրինակ, շան տարի է, ես դա նույնպես հաշվի եմ առնում: Ասում են` շունը ճոխություններ չի սիրում, ուստի տունը զարդարելու հարցում ավելի համեստ է պետք լինել` նախապատվությունը տալով հին, արխիվային, ռետրո իրերի կիրառմանը:

-Տիկի՛ն Դեւոյան, Ձմեռ պապիկից ի՞նչ եք խնդրում:

-Միայն մեկ բան` որ իմ ընտանիքի անդամները լինեն առողջ. դա կլինի ամենամեծ նվերը: Երբ մարդ առողջ է, նա ունի ուժ ե՛ւ աշխատելու, ե՛ւ սիրելու ու բարի գործեր կատարելու համար. սա ամենակարեւորն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս