Դեկտեմբերի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ նշանակված է Միհրան Ոսկանյանի դատավարությունը:
Նա մեղադրվում է նրանում, որ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության` Բերդի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը` 2016թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում, բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, շարքային Միքայել Արսենի Տեր-Մինասյանի նկատմամբ, ձեռքով հարվածել է նրա պարանոցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին` պատճառելով փայծաղի սուբկապսուլյար հեմատոմայի պատռվածք, ներքին արյունահոսության ձեւով առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս: Դրանից հետո` 2016թ. դեկտեմբերի 17-ին, Մ. Տեր-Մինասյանը շտապ կերպով վիրահատվել է, նրա փայծաղը հեռացվել է:
Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 358.1 հոդվածի 1-ին մասով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: