Ինչպես հայտնի է` ՀՀ կառավարության որոշմամբ` այս տարվա դեկտեմբերից իրականացվում է մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումներ:
Այն կավարտվի 2018 թվականի առաջին կիսամյակում: Գարդասիլ պատվաստանյութով պապիլոմայի դեմ պատվաստման շուրջ ծավալված քննարկումները այդպես էլ չեն դադարում: Անգամ կարծիքներ են շրջանառվում, որ այս պատվաստանյութից կողմնակի ազդեցությունները շատ են, ընդհուպ մինչեւ հաշմանդամություն, եւ անպտղություն կարող է առաջանալ:
Նշենք, որ պատվաստումը իրականացվում է 13 տարեկան աղջիկների շրջանում` 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիսը մեկ, որը համահունչ է առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման հետ: Նախատեսվում է պատվաստել 16 հազար 13 տարեկան աղջիկների:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե գյուղերում պատվաստանյութի նկատմամբ վերաբերմունքն ինչպես է: Արդյունքում պարզվեց` Հայասանում կան գյուղեր, որտեղ 13 տարեկան ոչ մի աղջիկ չկա: Նման բնակավայրերից է ՀՀ Արագածոտնի մարզի մոտ 90 բնակիչ ունեցող Տեղեր գյուղը: Գյուղապետ Գառնիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում 13 տարեկան աղջիկ չկա, որպեսզի պատվաստվի պապիլոմա վիրուսային վարակի դեմ: «Գյուղում երեխա չունենք: Միայն ամռան ամիսներին ով բարեկամ երեխա ունի, գալիս է, հանգստանում է: Մեր գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ մանկապարտեզ, երեխան ինչ անի այստեղ»,- սրտնեղեց գյուղապետը: Նա միաժամանակ նշեց, որ գյուղի բնակիչները դրական են տրամադրված պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստմանը:
Նույն մարզի մոտ 160 բնակիչ ունեցող Արեւուտ գյուղում եւս 13 տարեկան աղջիկներ չկան: Գյուղապետ Ֆայզո Ամոյանի խոսքերով` գյուղն ունի 14 աշակերտ, որոնց մեջ 13 տարեկան աղջիկ չկա: Իսկ ահա ՀՀ Շիրակի մարզի Թորոս գյուղի գյուղապետ Արտուշ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ իրենց գյուղում բնակվող 13 տարեկան աղջիկների ծնողները դեռեւս իրենց մտահոգությունները չեն հայտնել պապիլոմա վիրուսային վարակի դեմ գարդասիլ պատվաստանյութի վերաբերյալ: «Ճիշտն ասած` մեր գյուղում աղմուկ չկա այդ մասով: Դե, պետական միջոցառում է, ինչ պետք է անենք: Աղջիկների ծնողների մոտ ընդգծված որեւէ անհանգստություն կամ դժգոհություն չկա: Պատվաստվողներ գյուղում դեռեւս չկան, բայց եւ պատվաստման դեմ ըմբոստացողներ նույնպես չկան»,- նկատեց գյուղապետը:
Սյունէ Համբարձումյան