«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Կոնվերս բանկ»-ից 200 հազար դոլար հափշտակած 29-ամյա Պյոտոր Ցիգանկովի հայտնաբերումը մեծ ոգեւորություն է առաջացրել այս գործով կալանավորվածների շրջանում: Նրանք իրենց մտերիմներին ասել են, որ Ցիգանովին հայտնաբերելուց հետո շատ հարցերին պատասխաններ կտրվեն, եւ կապացուցվի, որ իրենք կապ չունեն հափշտակության հետ:
Կալանավորվածները սպասում են
Ինչպես հայտնի է` 2017թ. հոկտեմբերի 9-ին 29-ամյա Պյոտոր Ցիգանկովը «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղից հափշտակել էր 200 հազար դոլար: Դեպքից հետո փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին 29-ամյա Դավիթ Գրիգորյանը, 30-ամյա Արսեն Գրիգորյանը, 34-ամյա Մարատ Գալստյանը եւ Աշոտ Մանուկյանը, իսկ ահա Պյոտոր Ցիգանկովին չէր հաջողվել հայտնաբերել, եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս գործով կալանավորվածներից շատերը դեռեւս ցուցմունք չեն տվել ու հայտարարել են, որ ավազակային հարձակում իրականացրած անձի հետ գործնական որեւէ հարբերությունների մեջ չեն եղել, նրա հետ առնչություն չեն ունեցել եւ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Եվ ահա այս հանգամանքից ելնելով էլ, ըստ էության, իրավապահները տեւական ժամանակ գործով կալանավորվածների հետ քննչական գործողություններ չեն իրականացրել՝ ըստ էության սպասելով հանցագործություն կատարողի հայտնաբերմանը: Բայց Ցիգանկովն այդպես էլ չէր հայտնաբերվում: Անգամ պարգեվավճար խոստացան` նրան գտնելու հարցում աջակցելու համար, դարձյալ անօգուտ:
Վրաստանում հայտնաբերվեց
Միայն դեկտեմբերի 17-ին՝ դեպքերից ամիս 2,5 անց, ՀՀ ոստիկանությունն այս գողության մասով պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ ոստիկանության ծառայողների եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերվել է Պյոտր Ցիգանկովը, որը հետախուզվում էր հոկտեմբերի 9-ին Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար:
Մանրամասները` տեսանյութում
Քնար Մանուկյան, Էդգար Բաղդասարյան