Ինչու Սերժ Սարգսյանը մեղմ գտնվեց ԱԱԾ-ի հանդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ հանդիսավոր նիստում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ուշագրավ էր մի առումով: Ի տարբերություն իրավապահ մյուս կառույցներում՝ ոստիկանությունում, ՊՆ-ում, քննչական կոմիտեում եւ գլխավոր դատախազությունում ունեցած ելույթների, որտեղ Սերժ Սարգսյանն ամենախիստ քննադատական խոսքերն էր հնչեցրել՝ վերհանելով համակարգի բացերն ու թերությունները, ԱԱԾ-ում, ընդհակառակը, նրա տոնայնությունը մեղմ էր ու խոսում էր ձեռքբերումներից:

Նկատենք, որ համեմատաբար մեղմ էր Սերժ Սարգսյանի ելույթը ՀՔԾ-ում, որտեղ եւս կոշտ քննադատություն չհնչեց:

Երեկ ԱԱԾ-ում անդրադառնալով անգամ խնդրահարույց թեմաներին` Սերժ Սարգսյանն աշխատակիցներին չէր կշտամբում, այլ հակառակը: Պատճառն, իհարկե, պարզ է. պետական կառավարման համակարգում Սերժ Սարգսյանի հիմնական հենարանը եղել եւ մնում է ԱԱԾ-ն, մի կառույց, որն ավելի շատ «մասնագիտացել է» ընդդիմության դեմ պայքարում՝ սահմանադրական կարգի պահպանման շրջանակներում, իհարկե, նաեւ այս կառույցն իր դերակատարությունն ունի իշխանության ներսում՝ կոմպրոմատների հավաքագրման առումով: Ու պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն էլ իր ելույթում առանձնապես կարեւորել էր ԱԱԾ այդ գործառույթը. «ԱԱԾ գործունեության մեջ հատկապես կարեւոր է սահմանադրական կարգի ապահովման գործառույթը… Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ եւ զենքով ոչ մի հարց չի լուծվելու… Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության ծառայությունը եւ մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն,- հայտարարել է Ս. Սարգսյանը, այնուհետեւ հիշել նախորդ տարվա ամռանը «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման դեպքը,- կարծում եմ՝ անցյալ տարի` հուլիսին, ձեր հետեւողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են»:

Միայն թե, նկատենք, 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն իրավապահ համակարգի խարանն է: Այս ընթացքում շատ է խոսվել այն մասին, թե ինչպե՞ս կարողացան «Սասնա ծռերը» գնալ այդ քայլին, եթե մինչ այդ զինված հեղաշրջման, շենքեր-շինություններ զավթել նախապատրաստվելու մեղադրանքով ձերբակալվել էր Ժիրայր Սէֆիլյանը, իսկ նրա կողմնակիցներն էլ գտնվում էին իրավապահների տեսադաշտում: Ու չնայած այդ հանգամանքին` Սէֆիլյանի կողմնակիցներն, այնուամենայնիվ, կարողացան գնալ զինված հարձակման` ընդ որում, մինչ այդ չթաքցնելով իրենց պլանները, այլ ասուլիսների ժամանակ պարբերաբար նախազգուշացնելով «զենք վերցնելու» մասին: Իսկ Սերժ Սարգսյանն այս մասին խոսելիս, ընդհակառակը, փորձում է դրական երանգներ հաղորդել:

Սերժ Սարգսյանը երեկ նաեւ հայտարարել է, թե «ԱԱԾ առաջնահերթ խնդիրներից մեկը շարունակում է մնալ հետախուզական եւ հակահետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը»: Նա նաեւ անդրադարձել է ՀՀ սահմանների պաշտպանության խնդրին՝ ասելով. «Վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիների կողմից պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը կամ դրանց փորձերն ավելանում են… Ուստի այս բնագավառում պետք է ակտիվացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության եւ ոստիկանության հետ, վերացնել հնարավոր այն բացթողումները, որոնց առկայությունը կարող է նպաստել ապօրինի սահմանահատմանը»: Այլ կերպ ասած` նա թեեւ մատնանշել է սահմանն ապօրինի հատելու դեպքերի մասին, բայց եւ գերադասել է կատարվածի համար չքննադատել այս կառույցին: Չնայած նման դեպքերն անհարիր են եւ պետք է իսպառ բացառվեն:

Երեկվա ելույթում անդրադարձ կար նաեւ հետախուզվող անձանց հայտնաբերման խնդրին. «Ձեր ծառայության հետ իրավապահ մյուս մարմինների ակտիվ համագործակցության արդյունքում վերջին շրջանում բացահայտվել են տարաբնույթ հանցագործություններ, կանխվել զենքի եւ զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքեր եւ փորձեր, հայտնաբերվել են քրեական պատասխանատվությունից խուսափող, հետեւապես եւ հասարակության համար վտանգ ներկայացնող մի շարք անձինք»:

Միայն թե, հիշում եք, նույն այդ խնդրի մասին ոստիկանությունում խոսելիս Ս. Սարգսյանը «շան լափ էր լցրել»` շեշտելով, որ տարիներ շարունակ հետախուզվողները չեն հայտնաբերվում, դեռ ավելին՝ նոր հանցագործություններ են անում: Այնինչ` ԱԱԾ-ում հետախուզվողների հայտնաբերման մասին խոսելիս, ընդհակառակը, շեշտել է բացահայտումները` տպավորություն ստեղծելով, թե դրականն ԱԱԾ-ի շնորհիվ է, բացասականը՝ ոստիկանության թերացումների: Միգուցե եւ իրոք այդպես է. ամեն դեպքում՝ ԱԱԾ աշխատանքները հասկանալի պատճառներով ամբողջությամբ թափանցիկ չեն, լայնորեն չեն լուսաբանվում, այլ պահվում են գաղտնիության քողի տակ: Այդքանից հետո, թերեւս, հետաքրքիր է՝ արդյո՞ք ոստիկանությունում խանդով չեն վերաբերվում կատարվածին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս