ԹՐԱՄՓԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ ԱՄՆ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարեց, որ Երուսաղեմը ճանաչում է իբրեւ Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարություն տվեց ԱՄՆ Պետդեպարտամենտին նախաձեռնել անհրաժեշտ միջոցառումները՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու համար: Նրա այդ քայլը հակասականությամբ ընդունվեց ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարթակներում՝ նոր քննադատությունների տեղիք տալով: Ի դեպ, Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու հարցը արաբա-իսրայելական հակամարտության անկյունաքարերից է, գրեթե ճիշտ այնպես, ինչպես Արցախի անկախության հարցը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում:

Դոնալդ Թրամփը աշխարհի մասշտաբով այն փոքրաթիվ նախագահներից է, որը հետեւողականորեն կատարում է իր նախընտրական խոստումները: Այլ հարց է, որ այդ խոստումներն ի բնե անհեթեթ ու հստակ հաշվարկված չէին: Սակայն այսօր Թրամփին մեղադրել անհավասարակշիռ քայլերի մեջ, այնքան էլ ազնիվ չէ: Ի վերջո, նախընտրական շրջանում նա իր ընտրողներին խոստացել էր Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատ կառուցել, արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ, չեղարկել Օբամայի ընդունած ապահովագրական համակարգը եւ այլն: Եվ ահա այժմ հերթը հասել է կատարելու Իսրայելին ու հրեական լոբբիստներին տված խոստումը, այն է՝ պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել Երուսաղեմը եւ սկսել դեսպանատան տեղափոխության գործը Թել Ավիվից: Այդ մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանը շաբաթներով սպասում էին հատկապես ամերիկյան ավետարանականները, որոնք ԱՄՆ-ում իրենցից ներկայացնում են ոչ միայն լայն հասարակական շերտ, այլեւ ունեն ամուր կապեր, ֆինանսա-քաղաքական կապիտալ եւ ազդեցություն: Թրամփը, ըստ էության, զգալիորեն պարտական է այդ շրջանակներին իր հաղթանակի համար: Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նույնպես համարվում է ավետարանականների շրջանակների կարկառուն ներկայացուցիչ:
Դեռեւս 1995թ. ԱՄՆ Կոնգրեսը հատուկ որոշում էր ընդունել, որով պարտադիր կատարման էր հանձնվում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը: Կոնգրեսի որոշման մեջ միաժամանակ նշվում էր, որ նախագահները իրավունք ունեին անընդհատ երկարաձգել այդ տեղափոխությունը: Այդ հնարավորությունից օգտվել էին Քլինթոնը, Բուշն ու Օբաման՝ չսրելու համար արաբա-իսրայելական հակամարտությունը: ԱՄՆ-ն իբրեւ միակողմանի միջնորդ չվերածելու եւ ամուր խաղաղության հաստատման ակնկալիքով: Նախկին նախագահները անիմաստ էին համարում Երուսաղեմի միակողմանի ճանաչումը, եթե դրանից պիտի ավելի սրվեին մահմեդականների տրամադրությունները, ինչպես նաեւ այդ որոշումը չարժանանար համաշխարհային, գոնե արեւմտյան տերությունների հավանությանը: Այս թեզերը իսպառ ջնջեց Թրամփը՝ հայտարարելով, որ նախկին նախագահների այդ քաղաքականությունը որեւէ գործնական օգուտ չի տվել՝ չհանգելով տեւական ու ամուր խաղաղության: Թրամփը խաղաղություն հաստատելու ճանապարհը տեսնում է ռադիկալ քայլերով եւ միակողմանի գործողություններով: Անգամ նրա վարչակազմի ներսում այս հարցում խիստ հակասական իրավիճակ է: Ինչպես ակնկալվում էր՝ փոխնախագահ Փենսը, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Հեյլին եւ Իսրայելում ԱՄՆ դեսպան Ֆրիդմանը լիովին սատարում են նախագահին: Մինչդեռ պաշտպանության նախարար Մեթիսը, ԿՀՎ ղեկավար Պոմպեոն ու պետքարտուղար Թիլլերսոնը կտրականապես դեմ էին արտահայտվել այդ քայլին: Վերջիններս կարծում են, որ նման ռադիկալ ու միակողմանի գործողություններով ԱՄՆ-ն ոչ թե կնպաստի խաղաղության հաստատմանը, այլ է՛լ ավելի կբորբոքի մահմեդականների զայրույթը: Համաշխարհային արձագանքը նույնպես չի փայլել Թրամփի հանդեպ գորովանքով: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Միացյալ Թագավորության վարչապետ Մեյը, Հռոմի Պապը եւ այլք արձանագրել են հարցի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ չկիսելով Թրամփի քաղաքականությունը: Իսկ մահմեդական աշխարհը ընդհանրապես զայրույթը չի կարողանում զսպել: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հիմնովին սխալ է որակել Թրամփի քայլը, ՀԱՄԱՍ-ի առաջնորդը խոսել է այդ քայլով դժոխքի դարպասները բացելու մասին, Իրանի հոգեւոր առաջնորդը Թրամփին մեղադրել է թույլ եւ ոչ կոմպետենտ լինելու մեջ: Անգամ արձագանքել է ԱՄՆ-ի ու Իսրայելի դաշնակից Թուրքիան՝ «սխալ որոշումը» շուտափույթ շտկելու կոչով:
Այսպիսով՝ համաշխարհային ասպարեզում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն ձեռք չբերեց նոր դաշնակիցներ, այլեւ նոր խնդիրներ հարուցեց արաբա-իսրայելական հակամարտությունում: Երուսաղեմը չափազանց նուրբ հարց է ինչպես մահմեդականների, այնպես էլ Իսրայելի համար: Այն Իսրայելի անկախության հռչակումից ի վեր երկու մասի է բաժանված եղել, սակայն 6-օրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավել էին Արեւելյան հատվածը: Այնտեղ այսօր ապրում է ավելի քան 850 հազար մարդ, որից 65 տոկոսը հրեա, իսկ 32-ը՝ մահմեդական: Արաբական աշխարհը ակնկալում էր, որ խաղաղ բանակցություններից հետո Իսրայելը կվերադարձներ Արեւելյան Երուսաղեմը Պաղեստինին, որը պիտի դառնար վերջինիս մայրաքաղաքը: Վերջին տարիներին հիմնական հակասությունները հենց այդ խնդրի շուրջ էին եւ ԱՄՆ-ի այսօրինակ քայլով պաղեստինցիների հույսերը ակնհայտորեն ի չիք դարձան:
Թրամփի քայլը, սակայն, ունի իր տրամաբանությունը: Դրանով պարզ է դառնում, որ Իրսայելն այլեւս չի ընդունելու Արեւելյան Երուսաղեմի հարցը որպես բանակցությունների առարկա եւ այդ հարցում ունի ԱՄՆ-ի լուրջ աջակցությունը: Թրամփի այս գործողությունը բավականին նման է Աբխազիայի ու Օսեթիայի միակողմանի ճանաչմանը Ռուսաստանի կողմից: Ինչպես երկրորդի դեպքում, այնպես էլ առաջինի՝ կարճաժամկետ կտրվածքով խնդիրը սառեցվում է, հեռանկարում՝ աներեւակայելիորեն բորբոքվելու անխուսափելիությամբ: Արցախի հարցում էլ մեզ կարող է սպառնալ նույն վտանգը, եթե Հայաստանը որոշի միակողմանիորեն ճանաչել Արցախի անկախությունը՝ առանց համաշխարհային ներդաշնակության:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ՍԵՐՄԱՑՈՒԻ ՊԱՐՏՔԵՐԸ ԿԶԻՋԵՆ

Յուրաքանչյուր տարի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում գյուղացիները մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են ստանում։ Վերջերս հայտնի դարձավ, որգյուղացիները միլիոնավոր դրամներ են պարտք մատակարարներին: Արդյունքում նշված ընկերությունը գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ մի շարք մարզպետարանների, քանի որ պարարտանյութը մարզային իշխանությունների միջոցով է բաշխվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշել է գյուղացիների այդ պարտքերը զիջել:Խոսքը 807 մլն 303 հազար դրամի մասին է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պարտքը ներելու խնդրանքով գյուղատնտեսության նախարարությունը դիմել է կառավարությանը: Այդ իսկ պատճառով կառավարությունը երեկ որոշեց ներել նաեւ տուժած մարզերի հողօգտագործողների սերմացուների դիմաց կուտակած պարտքերը: Մարզերում կարկտահարություններից, ցրտահարություններից եւ սելավներից տուժել են մի շարք գյուղեր, ինչի արդյունքում մեծ քանակությամբ հողօգտագործողներ հայտնվել են ծանր կացության մեջ։
Նշենք, որ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011-2016 թվականների աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացուի պարտքը կազմում է 642 մլն 48 հազար դրամ: Իսկ ահա պարարտանյութերինը`165 մլն 255 հազար դրամ:
Ինչպես հայտնի է` ազոտական պարարտանյութ գյուղացիները գնել են «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» եւ «Հրաշք այգի» ընկերություններից: «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում»-ի պարտքը կազմում է 163 մլն 143 հազար դրամ, իսկ «Հրաշք այգի»-ինը`2 մլն 112 հազար դրամ:
Հ.Գ. Ի դեպ, երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղացիներին նախազգուշացրեց. «Ֆիքսում ենք, որ այսուհետ մաքուր էջից ենք իրենց հետ հարաբերվում: Ֆսյո, բացառվում ա, որ երբեւիցե մենք գանք մի վիճակի, որ զիջում ենք: Էլ կուտակում չի առաջանում, ներում չի ըլնի, բանաձեւը փոխել ենք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՈՉ ՄԻ ԿՈՆԿՐԵՏ ԱՐԴՅՈՒՆՔ
Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղու չգործելու խնդրին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է: Օրերս տեղեկացրել էինք նաեւ, որ խնդրի հետ կապված Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում էինք ուղարկել: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե հաշվի առնելով փաստը, որ 2017թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքին, իսկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այդ նիստում ասել է, որ այդ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության ամբողջ տարածքում տրանսպորտային սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ, ուստի ե՞րբ է վերագործարկվելու Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին:
Նախօրեին ստացել ենք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի ստորագրությամբ պատասխանը, որում մասնավորապես նշված է. «Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միջմարզային երթուղու մրցութային կարգով տրամադրման եւ սպասարկման լիազորությունը պատկանում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Երթուղում կանոնավոր սպասարկում չիրականացվելը պայմանավորված է նշվածի ոչ շահութաբեր եւ ուղեւորահոսքի անկանոն լինելու հանգամանքներով: Նշված հարցի եւ ընդհանուր առմամբ հասարակական տրանսպորտով չսպասարկվող բոլոր համայնքների սպասարկումը նախատեսված է կարգավորել ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ստեղծման միջոցով: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հիմնախնդրի լուծումը նախատեսում է իրականացնել երեք փուլով. 1-ին փուլում նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով հանել ներմարզային երթուղիների սպասարկման պետական տուրքը եւ պահուստային տրանսպորտային միջոցի պարտադիր պահանջը: Զուգահեռաբար բարելավել համայնքների անանցանելի ճանապարհները: Հնարավորության դեպքում չսպասարկվող համայնքները ներառել գործող միջմարզային եւ ներմարզային երթուղիներում: 2-րդ փուլում նախատեսվում է սուբսիդավորում մնացած չսպասարկվող համայնքների համար: 3-րդ փուլում նախատեսվում է միասնական երթուղային ցանցերը ձեւավորելու նպատակով հանրապետության տարածքում միջմարզային եւ ներմարզային երթուղիների կանոնավոր ուղեւորափոխադրումները կազմակերպել 3-4 օպերատորների միջոցով, գործող երթուղիների սպասարկման ժամկետների ավարտից հետո: Հիմնախնդրին լուծում տալու գործընթացն ընթացքի մեջ է»:
Այլ կերպ ասած՝ Նոյեմբերյան-Երեւան միկրովտոբուսային երթուղու շահագործման ժամկետները շարունակում են մնալ անհայտ: Հիշեցնենք, որ մինչեւ երթուղու սպասարկումը դադարեցնելն այդ գործառույթն իրականացնում էր «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ ընկերությունը պատկանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս