ԿՆՈՋԸ ՍԻՐԵ՞Լ, ԹԵ՞ ԾԵԾԵԼ՝ ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկումը խորհրդարանում բավական բուռն ընթացավ: Անցած ամիսներին այդ նախագծի շուրջ նաեւ հանրային բուռն քննարկումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի մի քանի գյուղապետերից փորձեց պարզել, թե նրանք ինչպես են վերաբերվում նման օրենք ունենալու գաղափարին:

ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով օրինագծին, հայտարարեց. «Կնոջը չեն ծեծում, այլ սիրում են: Ինչպե՞ս կարելի է կնոջը ծեծել: Մեր գյուղի բնակիչները 100 տոկոսով տեղյակ են, որ այլեւս չեն կարող ձեռք բարձրացնել իրենց երեխաների եւ կանանց վրա: Արդեն այնքան սիրալիր են իրենց կանանց հանդեպ, որ հնարավոր չէ պատկերացնել: Առանց կատակի, մեր գյուղերում նման բան չկա: Այնպես չի եղել, որ տղամարդը կին ծեծի, իսկ երեխաներին էլ` առավելեւս: Մենք մեր գյուղում օրենքը խախտողներ չենք ունենա»: Այնուամենայնիվ, եթե գտնվի մեկը, ով կնոջը ծեծի, տավուշեցի գյուղապետը նրան «պատժելու է»: «Եթե ունենանք խախտողներ, ապա խիստ կպատժեմ` օրենքի սահմաններում: Մեր գյուղը փոքր է, ես գիտեմ, թե որի տանը ինչ ճաշ են եփում, ում հավը քանի ձու է ածում: Այնպես որ, ամեն ինչին տեղյակ եմ: Հետեւաբար ծեծի մասին էլ կիմանամ: Ես ինքս էլ օրենքը չեմ խախտի»,- վստահեցրեց գյուղապետը:
ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակոյի գյուղապետ Սերյոժա Չարչոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց գյուղի բնակիչները ընտանեկան բռնությանը վերաբերող օրինագծի մասին հեռուստացույցից են տեղեկանում: «Օրենքը ծնողից շատ չի սիրում էրեխեքին: Ինչպես կարող է տղամարդը կնոջ վրա ձեռք չբարձրացնի: Կկռվեն ու կբարիշեն, ինչպես միշտ է եղել: Ոստիկանությունն էլ չի խառնվի, որովհետեւ չեն բողոքի: Ես մի քիչ չար մարդ եմ. բոլոր սեւ ազգերը կանանց նկատմամբ չար են, բայց կան որոշ հարցեր. եթե ծնողը չի ապտակում երեխային, ուրեմն էդ երեխան ծնողին չի սիրի: Այդ նախագիծը մեր ազգերին լավ բան չի բերի: Մենք բռի ժողովուրդ ենք, հանգիստ չենք կարող տուն, ընտանիք պահել: Մենք պետք է մի քիչ ձեռքի տակ պահենք կանանց ու երեխաներին, որ նորմալ լինի… մենք եվրոպացիներ չենք: Չափավոր պետք է ամեն ինչ լինի: Եթե մի լիրբ կին լինի, ապա տղամարդը ուզի-չուզի, պետք է զարկի»,- վստահ տոնով եզրափակեց Հակոյի գյուղապետը:
Իսկ ահա ՀՀ Շիրակի մարզի Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկեւիչյանն ասաց, որ իրենց գյուղի բնակիչները հասկացող են ու խելացի: Իսկ ընտանիքի անդամները մեկը մյուսի նկատմամբ հարգանքով են ու սիրով: «Դժվար խախտեն այդ օրենքը: Ես ինքս էլ չեմ խախտել ու չեմ խախտելու: Ձեզ թվում է՝ մեր կանայք չեն պահի իրենց տան եղածը… կթաքցնեն, հո՞ կեղտոտ սպիտակեղենը չեն հանի տնից դուրս: Երբ ոստիկանությունը խառնվի, իրենք էլ կասեն՝ հեչ բան չի եղել: Բայց Ձեզ ասեմ` մարդկանց այսօր չի հետաքրքրում, թե խորհրդարանը ինչ օրինագծեր է քննարկում: Մարդիկ իրենց օրվա ապրուստի հարցն են լուծում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց հոռոմցի գյուղապետ Պասկեւիչյանը:
ՀՀ Սյունիքի մարզի Օխտարի գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանն էլ, անդրադառնալով այս օրինագծին, հայտարարեց, որ օխտարցիները այլեւս բռնություն չեն կիրառում իրենց կանանց նկատմամբ: «Բոլորը գիտեն, որ չի կարելի բռնություն կիրառել կնոջ երեխաների նկատմամբ: Եթե փորձեն էլ, ես իրենց ականջները կպոկեմ (ծիծաղում է-Ս.Հ.): Առանց կատակի, մեր գյուղի տղամարդիկ իրենց կնոջ ու երեխաների նկատմամբ երբեք բռնություն չեն գործադրում, այլ մեծարում են: Սիրում են, սիրում… Ասեմ Ձեզ, որ բնակիչները զարմացած են, անընդհատ կրկնում են` ասելով, թե ամոթ է, որ նման նախագիծ են ընդունում, քանի որ մենք նորմալ մարդիկ ենք, մեզ մոտ այլեւս նախնադարյան թվերը չեն: Մերոնք իրենց կանանց մեծարում են»,- ծիծաղով նկատեց Վ. Համբարձումյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես է վերահսկելու, որ մարդիկ օրենքը չխախտեն, գյուղապետը արձագանքեց. «Օրենքը խախտելու դեպքում պատրաստ ենք տղամարդկանց ականջները ձգելուն, տուգանելուն: Եթե չի հասկանում, ապա պետք է ականջները ձգենք, բայց տղամարդու ականջները, ոչ թե կնոջինը…. (ծիծաղում է-Ս.Հ.): Իսկ եթե կինն է տղամարդու նկատմամբ բռնություն կիրառելու, ապա դա օրինաչափ է (ծիծաղում է-Ս.Հ.): Դա կարելի է, ընդունվում է: Այ, առաջարկում եմ, որ այդ կետը ներառեն օրենքում: Ես խնդրում եմ Ազգային ժողովին, որ այդ հարցը եւս քննարկեն..»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՒՄԱՐ Է ՊԵՏՔ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մտադիր է ՀՀ կառավարությունից 133 միլիոն 840 հազար դրամ խնդրել՝ 2017 թվականի ընթացքում սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում եւ համաշխարհային ունիվերսիադայում արդյունքներ ցուցաբերած մրցանակակիրներին պարգեւավճարներ հատկացնելու համար: ՀՀ կառավարության որոշման՝ շրջանառության մեջ դրված նախագծից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակի համար ընթացիկ տարվա պետական բյուջեում արդեն իսկ նախատեսված է 50 միլիոն դրամ: Սակայն այս տարվա ընթացքում արդյունքներ ցուցաբերած սպորտսմենների պարգեւավճարների ընդհանուր հանրագումարը կազմել է 183 միլիոն 840 հազար դրամ:
Ուստի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կառավարությունից խնդրում է պահուստային ֆոնդից լրացուցիչ գումար հատկացնել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ վերը նշված գումարով նախատեսվում է պարգեւատրել 105 մարզիկների, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների ավագ մարզիչներին, երկրորդ մարզիչներին եւ անգամ բժիշկներին: Մասնավորապես մարզիկների պարգեւատրման համար նախատեսվում է հատկացնել 79 միլիոն 250 հազար դրամ, անհատական մարզիչներին եւ հավաքականի ավագ մարզիչների պարգեւավճարները նույն չափի են լինելու ու ընդհանուր կազմելու են 39 միլիոն 625 հազար դրամ: Երկրորդ մարզիչները համեմատաբար համեստ պարգեւավճարներ կստանան՝ ընդհանուր 15 միլիոն 850 հազար դրամի չափով: Մեկ մարզիկի հաշվարկով բժիշկների գումարները ամենահամեստն են, սակայն եթե հաշվի առնենք, որ նույն բժիշկը մի քանի մարզիկի է սպասարկել եւ ըստ այդմ էլ պարգեւավճարներ է ստանալու, իրականում նրանցից մի քանիսի գումարները բավական պատկառելի են լինելու: Ընդհանուր բժիշկներին պարգեւատրելու համար կհատկացվի 9 միլիոն 490 հազար դրամ:
Ի դեպ, մարզիկների համար նախատեսված պարգեւավճարների առավելագույն չափը 5 միլիոն դրամն է, որը տրվելու է աշխարհի չեմպիոնի կոչում նվաճած մարզիկներին: Եվրոպայի չեմպիոնի համար նախատեսված է 3 միլիոն դրամ, եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղի համար 1 միլիոն 800 հազար դրամ է նախատեսված, 3-րդ տեղի համար՝ 1 միլիոն 200 հազար դրամ եւ այսպես շարունակ: Ի դեպ, սպորտաձեւով պայմանավորված եւս պարգեւավճարների չափերը տարբերվում են, օլիմպիական սպորտաձեւերի պարգեւավճարները ամենամեծն են:

Վ. Հ.

 

 

 

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 16 հազար 62 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 15 հազար 461 դեպք: Այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 601 դեպքով, կամ նույնն է, թե չորս տոկոսով:

Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 7 հազար 590 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 8 հազար 752:
Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է: Մասնավորապես առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա տասն ամիսներին եղել է 155՝ անցած տարվա 162-ի դիմաց:
Հատկանշական է, որ հանցագործությունների տեսակներով պայմանավորված՝ կտուկ աճել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես անցած տարվա տասն ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 53 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 132-ի: Իհարկե, հաշվի առնելով հայկական իրականությունը եւ մեր երկրում կոռուպցիայի տարածվածության աստիճանը՝ հիսուն կամ երկու հարյուր դեպքերով իրավիճակը հնարավոր չէ շտկել: Բայց փաստը մնում է փաստ, որ իրավապահները սկսել են կաշառք ստանալու մեջ ավելի շատ մարդկանց մեղադրել:
Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա տասն ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: Անցած տարվա 2 հազար 311 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել է 2 հազար 776 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճն հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում:

Վ. Հ.




Լրահոս