ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Այս լուսանկարն արվել է դեռ առավոտյան եւ փաստում է, որ աղբամանի աղբը ժամանակին չեն հեռացրել, հակառակ դեպքում նախօրեի գիշերը տեղացած առատ ձյան հետեւանքները չէին մնա կուտակված աղբի վրա:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը ե՞րբ է սահմանված: Մինչեւ ե՞րբ կարելի է վճարներ կատարել:

Մարինե Մովսիսյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները վերոնշյալ ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:

Պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանի համար պարտավորությունների վերահաշվարկ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես միայնակ թոշակառու եմ, ապրում եմ իմ թոշակով, որը կազմում է 37.000 դրամ, եւ ստանում եմ նպաստ` 18.000 դրամ: Խնդրում եմ ասեք` ես կարո՞ղ եմ օգտվել լույսի եւ գազի գումարի զեղչից: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Ումրիկյան Անուշ Հայկի (Գաջեգործների 20)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ումրիկյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում հաշվառված` անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
Ա. Ումրիկյանի ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ընտանիքի անապահովության միավորը 31.28 է, ստանում է սոցիալական նպաստ` ամսական 18.000 դրամ եւ ունի 2017 թվականի ընթացքում սպառած 600 խորանարդ մետր բնական գազի, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի համար նվազ սակագներով վճարելու իրավունք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ընտանեկան եւ սոցիալական նպաստների նշանակման դեպքում շահառու համարվող ընտանիքը կարիքների գնահատման արդյունքում պետք է ապահովի առնվազն 30.01-ից բարձր միավոր, որպեսզի ամենամսյա նպաստ ստանալու իրավունք ունենա, ապա հրատապ օգնության ծրագրի դեպքում շահառու ընտանիք ընտրելու չափորոշիչները շատ ավելի մեղմ են եւ անապահով ընտանիքն ավելի նվազ միավորներով է դառնում նպաստառու: Ի դեպ, եթե անապահով ընտանիքը 3 ամիս անց նորից ուզում է օգտվել հրատապ օգնություն սոցաջակցությունից, ապա դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը նորից պետք է ներկայացնի:




Լրահոս