ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ԳԼՈՒԽ 20
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 101
Կողմերը պետք է խթանեն համագործակցությունը սպորտի եւ ֆիզիկական ակտիվության ոլորտում, մասնավորապես՝ տեղեկությունների եւ պատշաճ գործելակերպի փոխանակման միջոցով՝ նպատակ ունենալով խթանել առողջ ապրելակերպը, պատշաճ կառավարումը, ինչպես նաեւ՝ սպորտի դերը՝ սոցիալական եւ կրթական տեսանկյունից, եւ պայքարել սպորտի բնագավառում ի հայտ եկող այնպիսի սպառնալիքների դեմ, ինչպիսիք են Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության տարածքում դոպինգի կիրառումը, պայմանավորված խաղերի կազմակերպումը, ռասիզմը եւ բռնությունը։
ԳԼՈՒԽ 21
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 102
Կողմերը քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շուրջ պետք է հաստատեն երկխոսություն՝ նպատակ ունենալով՝
ա) ամրապնդել Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների միջեւ շփումները եւ տեղեկությունների ու փորձի փոխանակումը,
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ դրա պատմության եւ մշակույթի մասին առավել շատ տեղեկացվածություն եւ Հայաստանի Հանրապետության ընկալումը Եվրոպական միությունում եւ մասնավորապես՝ անդամ պետություններում գտնվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում՝ այդպիսով հետագա հարաբերությունների համար ապահովելով հնարավորությունների եւ մարտահրավերների մասին իրազեկության ավելի բարձր մակարդակ, եւ
գ) ապահովել Եվրոպական միության մասին առավել շատ տեղեկացվածություն եւ Եվրոպական միության ընկալումը Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում՝ չբացառելով այն արժեքների վրա կենտրոնացումը, որոնց վրա հիմնված են Եվրոպական միությունը, դրա քաղաքականություններն ու գործունեությունը։
ՀՈԴՎԱԾ 103
1. Կողմերը պետք է խթանեն երկու կողմերից քաղաքացիական հասարակության շահագրգիռ անձանց միջեւ երկխոսությունը եւ համագործակցությունը՝ որպես Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների անբաժանելի մաս։
2. Այդպիսի երկխոսության եւ համագործակցության նպատակներն են՝
ա) ապահովել քաղաքացիական հասարակության ներգրավումը Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերություններին,
բ) ընդլայնել պետական որոշումների կայացման գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը, մասնավորապես՝ մի կողմից պետական հաստատությունների եւ մյուս կողմից ներկայացուցչական ընկերակցությունների ու քաղաքացիական հասարակության միջեւ բաց, թափանցիկ եւ կանոնավոր երկխոսություն հաստատելու միջոցով,
գ) խթանել ինստիտուցիոնալ զարգացման եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համախմբման գործընթացը տարբեր եղանակներով, այդ թվում, ի թիվս այլնի՝ իրավական պաշտպանության, ոչ պաշտոնական եւ պաշտոնական կապերի ստեղծման, փոխայցելությունների եւ աշխատաժողովների միջոցով, մասնավորապես՝ նկատի ունենալով քաղաքացիական հասարակության համար իրավական դաշտի կատարելագործումը, եւ
դ) յուրաքանչյուր կողմից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ընձեռել մյուս կողմի քաղաքացիական եւ սոցիալական գործընկերների միջեւ խորհրդատվությունների տրամադրման եւ երկխոսությունների անցկացման գործընթացներին ծանոթանալու հնարավորություն, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում պետական որոշումների կայացման գործընթացին քաղաքացիական հասարակությանը հետագայում ինտեգրելու նպատակով։
ՀՈԴՎԱԾ 104
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ Կողմերի միջեւ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ԳԼՈՒԽ 22
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 105
1. Կողմերը պետք է խթանեն տարածաշրջանային զարգացման քաղաքականության ոլորտում փոխադարձ ըմբռնումը եւ երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանային քաղաքականությունների ձեւավորման եւ իրականացման մեթոդները, բազմամակարդակ կառավարումը եւ գործընկերությունը՝ առանձնահատուկ շեշտադրելով անբարենպաստ վիճակում գտնվող տարածքների զարգացումը եւ տարածքային համագործակցությունը՝ ազգային, տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների, սոցիալ-տնտեսական գործիչների եւ քաղաքացիական հասարակության միջեւ հաղորդակցության ուղիներ ստեղծելու եւ տեղեկությունների ու փորձի փոխանակման գործընթացն ընդլայնելու նպատակով։
2. Մասնավորապես, Կողմերը պետք է համագործակցեն՝ Հայաստանի Հանրապետության գործելակերպը հետեւյալ սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով՝
ա) բազմամակարդակ կառավարման գործընթացի ամրապնդում այնքանով, որքանով այն ազդեցություն ունի կենտրոնական, տարածաշրջանային եւ տեղական կառավարման մակարդակների վրա՝ հատուկ կերպով շեշտադրելով տարածաշրջանի եւ տեղի շահագրգիռ կողմերին ներգրավելու գործընթացի ընդլայնման եղանակները,
բ) տարածաշրջանային զարգացման գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ գործընկերության ամրապնդում, եւ
գ) տարածաշրջանային զարգացման ծրագրերի եւ նախագծերի իրականացման գործընթացում ներգրավված Կողմերի կողմից ֆինանսական աջակցության միջոցով համաֆինանսավորումը։
ՀՈԴՎԱԾ 106
1. Կողմերը պետք է աջակցեն եւ ամրապնդեն տարածաշրջանային քաղաքականության շուրջ համագործակցությանը, այդ թվում՝ միջսահմանային համագործակցությանը եւ դրանց առնչվող կառավարման կառույցներում տեղական ու տարածաշրջանային մակարդակի իշխանությունների ներգրավվածությունը, իրավակիրառ օրենսդրական շրջանակի ստեղծման միջոցով ընդլայնեն համագործակցությունը, մշակեն հնարավորությունների զարգացման միջոցառումներ եւ օժանդակեն դրանց, եւ խթանեն միջսահմանային ու տարածաշրջանային տնտեսական եւ գործարար կապերի ամրապնդումը։

Շարունակելի…

 

 

 

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ` ՊԱՇՏՈՆԱՊԵՍ

Պաշտոնական տվյալներով` Հայաստանի սպառողական շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 2 տոկոսի գնաճ: Ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.2 տոկոս գնաճով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բարձրացել են 3.8 տոկոսով: Բացի այս` թանկացում արձանագրվել է նաեւ ոչ պարենային ապրանքների շուկայում, իսկ ծառայությունների սակագները բարձրացել են 0.4 տոկոսով: Մրգի եւ բանջարեղենի շուկան անմասն չի մնացել թանկացումներից: Այս դեպքում ազգային վիճակագրական ծառայությունը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրել է մրգերի 13.7, բանջարեղենի` 25 տոկոս գնաճ: Ի դեպ, բանջարեղենի գնաճի ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Մսամթերքի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 1.6 տոկոս, իսկ ձկնամթերքի շուկայում` 0.3 տոկոս: Գնաճից չեն խուսափել նաեւ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ նշված շուկաներում գնաճը կազմել է 3.5 տոկոս, իսկ ձվի գինը թանկացել է 7.8 տոկոսով: Փոխարենը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, շաքարավազն է էժանացել` 1.6 տոկոսով: Գնանկում արձանագրվել է նաեւ սուրճի, թեյի, կակաոյի շուկայում: Իսկ հրուշակեղենը թանկացել է 0.3 տոկոսով:
Նկատենք, որ Ամանորին ընդառաջ` սպառողական շուկայում թանկացումները դեռ առջեւում են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրված տվյալների համաձայն՝ այս տարվա ընթացքում մարզի համայնքներում աշնանացան է իրականացվել մոտ 2 հազ 300 հա տարածքներում: Համայնքներից յուրաքանչյուրում իրականացված աշնանացանի մակերեսը առանձին-առանձին մեզ տրամադրելու վերաբերյալ հարցմանը մարզպետարանից պատասխանեցին. «Տեղեկատվություն ըստ համայնքների կտրամադրվի ԱՎԾ Տավուշի մարզային գործակալության տարեկան հաշվետվության ամփոփումից հետո»: Աշնանացանն ավարտվել է, սակայն մարզպետարանը դեռեւս խուսափում է վերջնական արդյունքները տրամադրել: Թերեւս մարզպետարանում դեռ չգիտեն, թե պաշտոնական վիճակագիրների համար ինչ թիվ պետք է հայտնեն: Ի դեպ, 2016թ. արդյունքներով՝ Տավուշի մարզում աշնանացան ցորենի ցանքատարածքները կազմել են 3 հազ 12 հա, իսկ 2015-ին` 5 հազ 684 հա: Այսինքն՝ աշնանացան հացահատիկի ցանքատարածքները գնալով պակասում են:

 

 

 

ԿՈՒՇՏԸ ՍՈՎԱԾԻՆ ՄԱՆՐ Է ԲՐԴՈՒՄ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Նոյեմբերյանի նստավայրում ընթացող դատավարությունը ՀՀ առկա սոցիալական վիճակի փաստացի նկարագիրն է: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն Նոյեմբերյանի բնակիչ Յուրիկ Անանյանի դեմ հայց է ներկայացրել եւ դատարանից պահանջում է պատասխանողից իրենց օգտին գանձել 83 հազ դրամ: Ըստ բանկի ներկայացուցիչների՝ 2015թ. հոկտեմբերին իրենք Անանյանի հաշվեհամարին սխալմամբ փոխանցել են 83 հազ դրամ: 2017թ. օգոստոսի 21-ի դրությամբ բանկի հաշվարկած տույժ-տուգանքներով թոշակառուի պարտքը կազմել է 93 հազ 487,50 դրամ: Յու. Անանյանը 2-րդ խմբի հաշմանդամ է, ազատամարտի մասնակից: Դեկտեմբերի 7-ին՝ այս հայցադիմումի դատաքննության ժամանակ, թոշակառուն հայտարարեց, որ ինքը պարտավոր չէ բանկի աշխատակցի սխալի համար վճարել, թող այդ գումարը սխալ թույլ տված իրենց աշխատակցից գանձեն: Հայցը քննող դատավոր Արման Կուրեխյանը երկու անգամ ընդմիջում հայտարարեց, որպեսզի կողմերը փորձեն համաձայնության գալ: Ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկի» դատական ծառայության ղեկավար Լեւոն Օհանյանի՝ ավել գումարը տեխնիկական թերության հետեւանքով է թոշակառուի հաշվեհամարին փոխանցվել, իրենք պատրաստ են հրաժարվել տույժ-տուգանքներից, սակայն 83 հազ դրամը Անանյանը պարտավոր է վճարել գոնե մեկ տարվա ընթացքում: Իսկ թոշակառուն պնդում է, որ ինքը ամսական 35 հազ դրամ զինվորական թոշակ է ստանում, որը անգամ անհրաժեշտ դեղորայքը գնելուն բավարար չէ, եւ բանկի պարտքը մարելու համար իրեն մեկ տարվանից էլ երկար ժամանակ է հարկավոր: Սակայն, ըստ բանկի աշխատակցի, 83 հազ դրամի դեպքում իրենց կանոնակարգով պարտքերի մարման ժամկետը մեկ տարվանից ավել չի կարող լինել: Ի վերջո, բանկի ներկայացուցիչը միջնորդեց դատական նիստը հետաձգել, որպեսզի ինքը կարողանա փոխզիջումային տարբերակ առաջարկել, քանի որ դատավորը եւս արձանագրեց, որ 83 հազ դրամը բանկի համար մեծ չէ, բայց թոշակառու ազատամարտիկի համար այն նշանակալի գումար է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս