ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՐԸՆԹԱՑ ԱՃԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքը միայն այս տարվա նոյեմբեր ամսին ավելացել է 108 միլիոն դոլարով եւ կազմում է 6 միլիարդ 404 միլիոն 700 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հայաստանի պետական պարտքից 5 միլիարդ 115 միլիոն դոլարը արտաքին պարտք է: Նշված գումարից 62 միլիոն 700 հազարը ավելացել է նոյեմբերին: Հայաստանի ներքին պարտքը կազմում է 1 միլիարդ 289 միլիոն դոլար: Այս գումարից 45 միլիոն 400 հազարը գոյացել է նոյեմբերի ընթացքում տեղաբաշխված պետական պարտատոմսերի իրացման հաշվին:
Ի դեպ, շաբաթ օրը Սերժ Սարգսյանն իր ելույթում խոստացել է, որ 2040 թվականին մեկ շնչի հաշվով համախառը ներքին արդյունքը կկազմի 10 հազար դոլար: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ամեն մի բնակիչ 2040 թվականին տարեկան կվաստակի միջինը 10 հազար դոլար: Իրականում Սերժ Սարգսյանի խոստումը ավելի շուտ կարող է իրագործվել, բայց մեկ շնչին բաժին հասնող պարտքի մասով: Եթե հավատանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, ըստ որոնց՝ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 979 հազար 600 հոգի է, ապա ստացվում է, որ Հայաստանի ամեն մի բնակիչ արդեն իսկ պարտք է 2 հազար 150 դոլար՝ ինքն էլ այդ մասին տեղյակ չլինելով:

 

 

 

ԱԺ ընտրություններում այդպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցությունն ըստ էության դադարեցրել է քաղաքական գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա կուսակցության մի քանի անդամներ՝ նախկին պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը եւ այլք, ստեղծել են «Այլընտրանքային նախագծեր» հ/կ-ն եւ հասարակական գործունեություն են ծավալում: Եվ չնայած այդ կազմակերպությունը երկու ամիս է՝ գործում է, սակայն ուշագրավն այն է, որ «Համախմբում» կուսակցության վարչության նախագահ Վարդան Օսկանյանն իր կուսակիցներին չի միացել: «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քանի որ առանձնապես քաղաքական պրոցեսներ երկրում չեն ընթանում, կուսակցությունը դադարի վիճակում է: Բայց մենք ստեղծել ենք հ/կ, հանրային հարցերի շուրջ պարբերաբար մենք հանդես ենք գալիս վերլուծություններով եւ առաջարկություններով»:

 

 

 

Պատահական չէ, որ Հայաստանում այսօր հիմնականում բանկային ոլորտն է ծաղկում. դժվար է գտնել մի ընտանիք, որ վարկ չունենա: Իսկ վարկերն էլ բանկերը տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, շատ ավելի մեծ, քան նշված է նրանց գովազդներում: Օրինակ՝ առեւտրային բանկերն ուսանողական վարկերն առաջարկում են տարեկան 11-12 տոկոսից սկսած: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման կարգը, պարզեց՝ վերջնարդյունքում փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է՝ մինչեւ 24-25 տոկոս: Վարկի առավելագույն գումարը ուսման ողջ ժամկետի համար 1 մլն 800 հազար դրամ է, իսկ տարեկան տրանշը` 450 հազար դրամից ոչ ավելի։ Ընդ որում, անգամ նման պայմաններով հեշտ չէ վարկ ստանալը. հարկավոր է երկու երաշխավոր, որոնցից մեկը պարտադիր պետք է ուսանողի ծնողներից մեկը լինի: Իսկ ամենակարեւորն այն է, որ ուսանողը եւ երաշխավորները լավ վարկային պատմություն ունենան։ Հակառակ դեպքում բանկը կմերժի վարկի տրամադրումը։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասար համայնքում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններից հետո իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանն իր համար նոր թիմ է ձեւավորում եւ որոշել է վարչական ղեկավարներ նշանակել իր մարդկանց՝ 18 գյուղապետերից վերանշանակելով մեկ-երկուսին: Հակոբ Ավետյանի որոշումների վրա չեն կարողանում ազդել ո՛չ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ո՛չ էլ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Լոքյանն անձամբ է հանդիպել Ավետյանին՝ կոչ անելով հենց նախկին գյուղապետերին նշանակել որպես վարչական ղեկավարներ, սակայն Ավետյանը մերժել է նախարարին: Ավետյանի թիկունքին ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանն է, որը ՌԴ-ից ղեկավարում է նորընտիր համայնքապետին՝ նրան մարզի իշխանությունների դեմ հանելով, նաեւ տեղաբնակների ու Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում վերաբնակեցվածների միջեւ սեպ խրելով։

 

 

 

ԴԺՎԱՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի իշխանություններին բավական ոգեւորել է ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Միայն թե այդ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ իշխանություններին լուրջ փորձություններ են սպասվում: Համաձայնագրով ՀՀ-ն ստանձնել է լուրջ պարտավորություններ՝ ամենատարբեր ոլորտներում բարեփոխումներ իրագործելու համար, եւ դրա դիմաց ԵՄ-ն համապատասխան ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու: Ընդ որում, իշխանությունները ստիպված են բարեփոխումներ իրագործել իրենց համար անցանկալի ոլորտներում, օրինակ՝ ընտրական համակարգում՝ նվազեցնելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացման խոչընդոտները: Այդ դեպքում, իհարկե, իշխանությունները վտանգում են հետագա պաշտոնավարումը, քանի որ առանց ընտրակաշառքի վարչական ռեսուրսի չարաշահումների ՀՀԿ-ն կհայտնվի քաղաքական լուսանցքում: Բայց բարեփոխումների իրագործմանը համաձայնել են, քանի որ համապետական հերթական հաջորդ ընտրությունները ՀՀ-ում անցկացվեն հինգ տարի անց, եւ հույս ունեն՝ մինչ այդ մի նորամուծություն հորինել: Կհաջողվի, թե ոչ, կերեւա:
Բայց այս համատեքստում պատահական չէր, որ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանները մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մրցանակաբաշխություն էին կազմակերպել: ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին էլ մրցանակ էր հանձնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանին, որը, ինչպես հայտնի է, բացահայտել էր դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից ՀՀԿ օգտին վարչական ռեսուրսի գործադրման սկանդալը: Ավելին՝ Սվիտալսկին իր ելույթում հայտարարել էր. «ՀՀ-ն առաջիկա տարիներին բավարար ուշադրություն պետք է դարձնի ընտրական գործընթացներին եւ դպրոցներում քաղաքական քարոզչության վերացմանը»։ Ըստ նրա՝ արդարությունը կարող է ուշանալ, սակայն օր օրի արդարության նկատմամբ հասարակական պահանջը մեծանում է, իսկ արդարությունը առանց թափանցիկության անհնար է։ «Թափանցիկությունը շատերի դեպքում անհարմարություն է առաջացնում, բայց թափանցիկության շնորհիվ հնարավոր է դառնում հասարակությունը ավելի լավը դարձնել»,- ասել էր դեսպանը:
Անհարմարության մասին ակնարկները, թերեւս, պատահական չէին. ԵՄ դեսպանն այսպես անուղղակի հասկացրել է իշխող ՀՀԿ-ականներին, որոնք, ինչպես հիշում եք, վրդովվել էին հայտնի սկանդալից հետո: Բայց խոսելով ընտրական գործընթացների մասին՝ Սվիտալսկին նաեւ հասկացրել է, որ իրենք լուրջ ուշադրություն են դարձնելու այդ ամենին, հակառակ դեպքում կզրկվեն ֆինանսավորման որոշակի մասնաբաժնից:




Լրահոս