2018 թվականից ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կիրագործվի անասնապահության ոլորտի կարգավորմանն ուղղված «Անասնաբուծության կանոնակարգում և արոտավայրերի կառավարում» ծրագիրը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանն ասել է, որ նպատակն է անասնապահության կանոնակարգումը, որը ենթադրում է արոտավայրերի վերականգնում և անասունների վերահսկողություն:
«Ծրագրի շնորհիվ նախատեսվում է անասնապահության և երկրագործության համաչափ զարգացում: Մասնագետները հույս ունեն, որ կառավարվող արոտները կլինեն բերքատու, կանոնակարգված, անասնապահության շնորհիվ էլ կապահովվի բարձր մթերատվություն: Կանոնակարգված անասնապահության դեպքում վնաս չի հասցվի հողագործությանը»,- նշել է Ն. Մուսայելյանը և ավելացրել, որ եթե համայնքում անասնապահ լինի, ապա կարիք չի լինի հսկել վարելահողերը:
Ն. Մուսայելյանն ասել է նաև, որ եթե անասունը հայտնվում է արգելված տարածքում, դա արդեն վարչական խախտում է և պետք է ստանա իրավական գնահատական:
«Տեղական ինքնակառավարման մարմիններն այս ուղղությամբ անելիքներ ունեն, քանի որ օրենքը գործում էր նաև նախկինում, սակայն երբևիցե որևէ ֆերմերի հանդեպ տույժ չի կիրառվել: Ծրագրի իրականացումից վարչական տույժեր ևս կլինեն»,- նշել է Ն. Մուսայելյանը՝ հավելելով, որ ֆերմերներն այս կերպ կտնտեսեն ժամանակը՝ ապահովելով բարձր եկամուտներ:
Նրա խոսքով՝ գալիք տարվանից արոտավայրերի կանոնակարգման ուղղությամբ պետական ծրագիր կիրագործվի մի շարք համայնքներում, մասնավորապես Մարտունու շրջանի Թաղավարդ, Մարտակերտի շրջանի Մաղավուզ և Ասկերանի շրջանի Այգեստան գյուղերում: