ՈՍԿԵՐԻՉ ՄԱՍՆԱԳԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից խաբեությամբ գումարներ են հափշտակում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մի դեպքում կեղծ ոսկյա զարդեր են գրավադրել ու գումար հափշտակել, ինչը տեղի է ունեցել բանկի ոսկերիչի աջակցությամբ, իսկ մյուս դեպքում էլ կեղծ փաստաթղթով են բանկից գումարներ հափշտակել:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբիկ Երեմյանը ցանկացել է վարկ ձեռք բերել եւ անհայտ անձից ձեռք է բերել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ տեղեկանք այն մասին, որ իբր աշխատում է «Նեֆոկսա» ՍՊ ընկերությունում որպես առաքիչ-վարորդ եւ ամսական ստանում է 271 հազար դրամ աշխատավարձ:
Այդ տեղեկանքը 2016թ. ապրիլի 16-ին ներկայացրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության Բագրատունյաց պողոտայի 13 հասցեում գտնվող մասնաճյուղ, ինչի հիման վրա բանկը նրա հետ կնքել է վարկային գծի տրամադրման պայմանագիր ու նրան տրամադրել ընդհանուր 1 միլիոն 620 հազար դրամի վարկ:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ իրավապահներն են պարզել Ռուբիկ Երեմյանի կողմից ներկայացված տեղեկանքի կեղծ լինելը: Իսկ բանկի աշխատակիցների աչքից, մեղմ ասած, վրիպել է տեղեկանքի իրական չլինելը, եւ այն հիմք ընդունելով՝ անձին գումար են տվել:
Նմանօրինակ դեպքերում բանկերը եւ նույն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի մասնաճյուղերի աշխատակիցները սովորաբար մանրակրկիտ ստուգում են բոլոր փաստաթղթերը, երբեմն քիչ է մնում հաճախորդի կոշիկների չափսերի մասին էլ տեղեկանքներ պահանջեն: Իսկ այս դեպքում, չգիտես ինչու, հնարավորինս «մեղմ» մոտեցում են դրսեւորել եւ կեղծ տեղեկանքը չեն նկատել:
Արդյունքում, Ռուբեն Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթեր կեղծելը: Այս մեղադրանքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է մինչեւ երկու տարվա ազատազրկում:
Եթե վերը բերված դեպքում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկի աշխատակցի մեղքի մասին խոսք չէր գնում, ապա մեկ այլ դեպքում հենց բանկի աշխատակիցն է մեղադրվում գումար հափշտակելուն աջակցելու մեջ:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան նման մի պատմության մանրամասները: Նելլի Տոնոյանը եղել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի Ազատության 20 հասցեում գտնվող «Արաբկիր» մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետը: Օրերից մի օր Նելլի Տոնոյանի ընկերը՝ Արման Ղազարյանը, նրան առաջարկել է իրեն օգնել եւ բանկում կեղծ ոսկյա զարդեր գրավադրելով՝ վարկ ստանալ:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Արաբկիր» մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետը ընդունել է առաջարկը եւ տարբեր մարդկանց անուններով կեղծ ոսկյա զարդեր գրավադրելով՝ կարողացել է բանկից ստանալ վարկեր՝ ընդհանուր 98 միլիոն 737 հազար դրամի չափով:
Այս արարքի համար Նելլի Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը: Այս մեղադրանքի համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչեւ չորս տարվա ազատազրկում:
Իսկ ահա Արման Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել 178 հոդված 3-րդ մասի առաջին կետով՝ խարդախություն: Այս մեղադրանքի համար էլ քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով: Ի դեպ, խարդախության մեղադրանքի դեպքում կարող է կիրառվել նաեւ գույքի բռնագրավում:
Վերը բերված դեպքերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «ՎՏԲ-Հայաստան բանկի» աշխատակիցների շրջանում գնալով ավանդույթ է դառնում տարբեր ձեւերով իրենց գործատուի գումարները գրպանել փորձելը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է
Վայք համայնքին միավորված Վայոց ձորի մարզի Զեդեա համայնքի նախկին գյուղապետ Սուրիկ Սարգսյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, եւ երեկ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Նախկին գյուղապետ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը Սուրիկ Սարգսյանից փորձեց պարզել, թե ինչ է արել նա, որ հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ըստ Զեդեայի նախկին գյուղապետի՝ իրեն առաջադրված մեղադրանքը նա ընդունում է մասնակի: «Համայնքին պատկանող սեփականություն է եղել, քաղաքացին առանց տեղյակ պահելու այգի է հիմնել, մենք էլ չենք իմացել, որ իր սեփական տարածքը թողել է եւ համայնքին պատկանող տարածքի վրա է այգի հիմնել: Հետո աճուրդ ենք հայտարարել, քաղաքացին` Աշոտ Զաքարյանը, տեղյակ է եղել այդ աճուրդի մասին ու ցանկություն չի հայտնել մասնակցել այդ աճուրդին: Ես խոսել եմ իր հետ, որ գա, մասնակցի, չի եկել, հիմա էլ եկել է ու բողոքարկում է, որ իբր չի իմացել, որ այդ տարածքը աճուրդի է հանվել, բայց կրկնում եմ՝ ինքը ամեն ինչից տեղյակ է ու դեռ ավելին՝ ասում էր, թե չի ցանկանում մասնակցել աճուրդին, քանի որ հողերը ուզում է ծախել ու գնալ Ամերիկա: Իմ մեղքը այս պատմության մեջ կայանում է նրանում, որ որպես համայնքի ղեկավար՝ ես պետք է գնայի, տեղում ուսումնասիրեի, որ տարածքը ինչ վիճակում է, այգի են սարքել: Բայց քանի որ ես մասնագետ չեմ, չեմ գնացել, Վայոց ձորում էլ համապատասխան մասնագետ կանչելը փող է, դրա համար չեմ արել, ու այսպիսի վիճակ է ստեղծվել: Իմ մեղքը այսքանով է, որ պետք է գնայի, տեսնեի՝ տարածքը արոտավա՞յր է, թե՞ այգի: Ա՛յ, որ իմանայի ու որեւէ բան չանեի, դա ուրիշ բան կլիներ, բայց որ չեմ իմացել ու այդպիսի բան են արել, դա արդեն ուրիշ բան է: Չգիտեմ՝ հետո ինչ կլինի, տեսնենք՝ դատարանը ինչ կորոշի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց նախկին գյուղապետը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ
Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից: 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչեւ 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին եւ երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

 

 

 

ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է
Քննության ընթացքում պարզվել է, որ «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահի տարածքում աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանին վնասազերծելու ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել: Քրգործի վարույթը կարճվել է: Որոշումը կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ: Հիշեցնենք, որ Գ. Հակոբյանը 24-ամյա կնոջ հետ «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահի տարածք է մուտք գործել: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց ներկայությամբ տղամարդը դանակը պահել է երիտասարդ կնոջ կոկորդի մոտ՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով: Պատանդին ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել: Կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ նա ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Գ.Հակոբյանի կենսաբանական մահը:

 

 

 

ԽԱԽՏՎԵԼ ԵՆ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Շողինե Սողոմոնյանի փոխանցմամբ՝ 2017թ. ընթացքում իրավունքների պաշտպանության համար իրենց կազմակերպություն է դիմել 382 քաղաքացի, 45 քաղաքացի ահազանգել է՝ ոստիկանության բաժնում ոստիկանների հետ միջադեպեր ունենալու մասին: «35 դատական գործ ունենք, 46 անազատության մեջ գտնվող քաղաքացիներ ահազանգել են իրենց իրավունքների խախտումների մասին, 41 շահառու էլ ստացել է հոգեբանական աջակցություն»,-նշել է նա: Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ անդրադարձել է Արարատ Խանդոյանի գործին՝ բարձրաձայնելով մի շարք անօրինականությունների մասին. «Որեւէ ապացույց չի եղել Արարատ Խանդոյանի մեղադրանքը ապացուցող: Հատուկ միջոցների կիրառման արդյունքում Խանդոյանը ստացել է մի շարք մարմնական վնասվածքներ, նրա աչքը վիրահատվել է միայն դեպքից ութ ամիս անց, նա նաեւ ենթարկվել է ՔԿՀ-ում դաժան վերաբերմունքի, Խանդոյանի երեք գործերը այժմ Եվրոպական դատարանում են»: Փաստաբանը խոսել է նաեւ «Սասնա ծռեր»-ի գործից՝ դժգոհելով, որ այս գործով խախտվել են ոչ միայն մեղադրյալների, այլեւ գործով ներգրավված փաստաբանների իրավունքները:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի
Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք իրենց հետ բերել էին կարտոֆիլներ, որոնց վրա փակցված էր ՀՀԿ-ականների պատկերները, կանաչի: Նրանք պաստառներով իրականացնում էին իրենց բողոքի ակցիան եւ հայտնում համահայկական ընդվզման իրենց ծրագրի մասին: «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը կարդաց կուսակցության հայտարարությունը: «Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ-ում աղքատ է շուրջ 890 հազար քաղաքացի, իսկ շուրջ 60 հազարը ծայրահեղ աղքատ է, երեք երեխաներից մեկը աղքատ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներն ավելի սահմռկեցուցիչ են»,-ասաց նա:




Լրահոս