ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՈՒՆՎԱՐԻՑ ԳԵՐԻ ԿՄՆԱ՞ ԻՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը հերթական անգամ խոստացավ կոռուպցիան արմատախիլ անել, այս անգամ արդեն համայնքների մակարդակով: Իհարկե, նրա խոսքում կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչ մի խոսք չկա, բայց փաստն այն է, որ նրա նկարագրած անթույլատրելի երեւույթները համայնքային մակարդակում առկա կոռուպցիան է:

Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են՝ անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա, ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա, աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որեւէ մեկը Նոր տարուց հետո, լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որեւէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»:
Նկատենք, որ համայնքային մակարդակում առկա կոռուպցիան հենց այն է, ինչ նկարագրված է վերը բերված մեջբերումում: Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի ղեկավար, պաշտոնավարումը ստանձնելու հենց սկզբից նման խոստումներ է հնչեցնում: Սակայն դրանք երբեք իրականություն չեն դառնում, եւ իրական կյանքում լրիվ հակառակն է տեղի ունենուն՝ հատկապես համայնքային մակարդակներում շարունակում են պաշտոնավարել այն անձինք, որոնք բնակչության փողերը տանում են տուն եւ դրանց մի մասը ծախսելով՝ կարողանում են իշխող ՀՀԿ-ի համար քվեներ ապահովել: Ուստի Հայաստանի հանրության՝ քաղաքականությամբ ակտիվ հետաքրքրվող ոչ իշխանական հատվածի արձագանքը լրիվ արդարացված է: Մի մասը ծաղրում է, մյուսը մատնանշում է համայնքապետերի կողմից կատարված հանցանքները, որոնք այսօր էլ շարունակում են պաշտոնավարել եւ այսպես շարունակ: Սերժ Սարգսյանի նախկին խոստումները եւս նույն արձագանքին են արժանացել: Նման արձագանքներին, որպես կանոն, հաջորդում է կոնկրետ գործողության սպասելու փուլը: Այնուհետեւ, երբ այդ գործողությունները չեն հետեւի, այսինքն՝ կոռուպցիան նախկինի պես կշարունակի իշխել Հայաստանում, բոլորին կմնա եւս մեկ անգամ արձանագրել, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը չեղավ: Սերժ Սարգսյանի խոստումներին չվստահող արձագանքները չնայած, որ հիմնավոր են, բայց միեւնույն է՝ այդ մոտեցումը տանում է փակուղի, քանի որ արդյունքում Հայաստանի հանրային կյանքում ոչինչ չի փոխվում:
Թերեւս ժամանակն է, որպեսզի հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց մոտեցումը վերանայեն: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ամանորի տոներից հետո մոտեցումը փոխվելու է, կամ այլ կերպ ասած՝ մինչ այս համայնքապետերն ինչ արել-արել են, այսուհետ նրանք պետք է բնակիչների գումարները տուն չտանեն: Լավ: Սա նշանակում է, որ համայնքների՝ եկող տարվա ապրանքների եւ ծառայությունների գնումներին համայնքապետերի հետ փոխկապակցված ընկերություններ չպիտի մասնակցեն: Ասել կուզի՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կամ լրագրողները նման՝ թարմ դեպք բացահայտեն, ապա Սերժ Սարգսյանը պարտավոր է այդ փաստին ընթացք տալ՝ առնվազն քաղաքական պատասխանատվության ենթարկելով տվյալ համայնքապետին: Այսինքն՝ նա պարտավոր է լինելու կառավարությանը հանձնարարել պաշտոնանկ անել տվյալ համայնքապետին: Այս մարտավարությունը, սակայն, կարող է արդյունավետ լինել, եթե բացահայտված փաստերը գրավոր, անձամբ Սերժ Սարգսյանին ներկայացվեն:
Այդպիսով՝ Սերժ Սարգսյանը համայնքներում առկա կոռուպցիան վերացնել-չվերացնելու գործընթացում փաստացի դառնում է կողմ: Բնականաբար, ինչպես միշտ, նա չի կատարի իր խոստումը, այդ դեպքում գրավոր փաստեր ներկայացրած հասարակական կազմակերպությունը կարող է դատական կարգով պահանջել, որպեսզի նա իր խոստումը կատարի: Դատարանները նման հայցերն ընդունելուց կհրաժարվեն: Բայց, միեւնույն է, այս ամենի արդյունքում փաստաթղթային բազա կձեւավորվի, որտեղ փաստաթղթերով կարձանագրվի, թե Սերժ Սարգսյանին քանի կոռուպցիոն փաստ է ներկայացվել, բայց նա իր խոստմանը տեր չլինելով՝ դրանց ընթացք չի տվել: Մի խոսքով, կստեղծվի մի իրավիճակ, որտեղ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ընտրություն կատարել խոստմանը տեր լինելու կամ ստախոս լինելու մեջ՝ փաստաթղթավորված մեղադրվելով:
Արդյո՞ք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց ավանդական մոտեցումը կփոխեն եւ վերը բերված մարտավարություն կնախընտրեն, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԳՆԱՃԸ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

«Ժողովուրդ, օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է հագուստի 3.4 տոկոս գնաճով: Բենզինի շուկայում պաշտոնական վիճակագիրները նոյեմբերին արձանագրել են կես տոկոսի գնաճ: Տեղեկացնենք, որ բենզինի շուկայում արդեն երեք ամիս է՝ 1 լիտր բենզինի հաշվարկով ամսական 10 դրամի գնաճ է արձանագրվում: Իսկ հիմնական գնաճը սպասվում է, որ տեղի կունենա հունվարի 1-ից հետո:

Ըստ ԱՎԾ-ի` հանրապետության բոլոր քաղաքներում այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են մինչեւ 2 տոկոսով: Ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իջեւան քաղաքում: Իսկ ահա Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5 տոկոսով: Բացի այս՝ բարձրացել են նաեւ մատուցված ծառայությունների սակագները: Այս ոլորտում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է սակագների 0.4 տոկոսի գնաճ:
Հիմնականում աճել են բնակարանային ծառայությունների սակագները` 0.2 տոկոսով: Տրանսպորտային ծառայությունների սակագները բարձրացել են 1.4 տոկոսով, ինչը պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 8.9 տոկոս հավելաճով: Իսկ ահա հանգստի եւ մշակույթի ծառայությունների սակագները աճել են 1.5 տոկոսով: Ի դեպ, այս նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է հյուրանոցային ծառայությունների գների 7 տոկոսի էժանացում: Բայց նկատենք, որ հյուրանոցային ծառայությունների սակագները միտում ունեն բարձրանալու, քանի որ առջեւում տոնական օրերն են: Եւ միայն 2018 թվականի հունվարին պարզ կլինի, թե որքանով են դեկտեմբերին բարձրացել հյուրանոցային ծառայությունների սակագները: Փոխարենը նկատենք, որ առողջապահության, կապի եւ կրթության ծառայությունների սակագների մակարդակը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մնացել է անփոփոխ: Ծառայությունների գների ամենաբարձր գնաճն արձանագրվել է Գյումրիում՝ 1,6 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

967 ՄԼՆ ԴՐԱՄԻՑ 22-Ն Է ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼ
2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարիներից կուտակված տեղական հարկերի պարտքը Տավուշի մարզում կազմել է 860.8 միլիոն դրամ, որից հողի հարկի մասով՝ 595.5 միլիոն դրամ, գույքահարկինը՝ 265.3 միլիոն դրամ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տեղական հարկերի գծով նախկինից կուտակված պարտքերը կազմել եմ 967.9 միլիոն դրամ, որից հողի հարկի ապառքը՝ 281.1 միլիոն դրամ, գույքահարկինը՝ 686.8 միլիոն դրամ: Այսինքն՝ անցած հինգ ամիսներին տեղական հարկերի գծով պարտքերը նվազել են 107,1 միլիոն դրամով: Ի դեպ, դեռեւս 2017 թվականի հուլիսի 27-ի մարզխորհրդի նիստում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը համայնքների ղեկավարներին առաջարկել էր հողի հարկի եւ գույքահարկի ավտոմատացված տեղեկատվական բազաներում կատարել ճշգրտումներ, ինչի համար վերջնաժամկետ էր սահմանվել 2017թ. սեպտեմբերի 15-ը: Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ»-ին տրամադրված տվյալների համաձայն՝ մարզպետի սահմանած ժամկետում ընդամենը 22.3 միլիոն դրամի ճշգրտում է կատարվել, որից 6.9 միլիոն դրամը՝ գույքահարկի մասով, 15.4 միլիոն դրամը՝ հողի հարկի:

 

 

 

«ԹԱՓԱՆՑԻԿ» ՍԱՀՄԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Դեկտեմբերի 6-ի երեկոյան Ոսկեպար գյուղի բնակիչ Գրիշա Գեւորգյանի 30 խոշոր եղջերավոր անասունները Ոսկեպար-Բաղանիս հատվածում հայտնվել են սահմանագոտու չեզոք հատվածում: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 7-ին սահմանապահների միջոցով 28 անասունները սահմանագոտուց անվնաս դուրս են բերվել, իսկ երկու անասուն ականների վրա պայթել են, արդյունքում դրանք մորթի են ենթարկվել:
Մինչ այս էլ՝ նոյեմբերի 20-ին, Ոսկեպար գյուղի բնակիչ Արտեմ Մանուչարյանի ձին, պոկելով վզին ամրացված թոկը, հայտնվել էր Ոսկեպար-Կիրանց սահմանամերձ հատվածում: Ի դեպ, նշված տարածքը Կիրանց գյուղի վարչական տարածքի մեջ է մտնում: Ձին սահմանագոտում ականի վրա պայթել է, եւ անգամ հնարավոր չեղավ վիրավոր ձիուն ականապատ դաշտից դուրս բերել: Նախկինում եւս Ոսկեպարի սահմանային գոտիների ականապատ հատվածներում կովերի ականների պայթունից տուժելու դեպքեր էին արձանագրվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս