ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուհական համակարգում ունենք շատ տխուր թվական տվյալներ, որոնք վկայում են, որ ինքը՝ կառույցը, հիվանդ է. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է 2017 թվականը:

-Պարո′ն Մկրտչյան, այս տարի դպրոցներն օպտիմալացվեցին, որը նաեւ դժգոհությունների առիթ հանդիսացավ: Ծրագիրը շարունակակա՞ն է լինելու:

-Ըստ էության, չաշխատեցին այն դպրոցները, որոնք մարվող էին: Օրինակ` Երեւան քաղաքում կամ մարզերում ինքնըստինքյան մարվող դպրոցներն էին, որ կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեցին: Հիմա մենք այլ ձեւ ենք նայում դպրոցներին: Ոչ թե պետք է գնանք դպրոցների մեխանիկական օպտիմիզացիայի կամ փակման, այլ պետք է ժամանակ տանք բուհերին եւ դպրոցներին, որպեսզի նրանք հասնեն դպրոցների որոշակի քանակի: Մենք հաշվել ենք. Երեւան քաղաքի համար հիմնական դպրոցը լիարժեք աշխատելու համար գոնե երեք հարյուր աշակերտ պետք է ունենա: Մենք պետք է հնարավորություն տանք դպրոցներին, որպեսզի մի քանի տարվա ընթացքում կարողանան ապահովել այդ քանակը: Կցանկանայինք հստակ խոշորացնել մեր բուհական համակարգի մի քանի հաստատություններ, հատկապես մասնավոր բուհական համակարգում ունենք շուրջ երեսունի հասնող համալսարաններ, որոնց մի զգալի մասը թղթի վրա է եւ պարզապես վկայական է թողարկում: Հինգ համալսարան փակվել է այս տարի, բայց երեւի ավելի հստակ կարող էինք աշխատել:

-Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել բուհերի օպտիմալացման: Արդյո՞ք կրթության ցածր որակն է պատճառը:

-Բուհերը մի փոքր այլ խնդիր ունեն: Բուհական համակարգում մենք ունենք շատ տխուր թվական տվյալներ: Ամբողջ Հայաստանով մենք ունենք իննսուն հազար ուսանող եւ վաթսունհինգից ավելի համալսարաններ: Ունենք տասներկու հազար ուսանող մասնավոր համակարգում եւ երեսունից ավելի համալսարաններ: Այս թվական տվյալներն արդեն վկայում են, որ ինքը՝ կառույցը, հիվանդ է: Եվ պետք է կարողանանք նպաստավոր պայմաններ ստեղծել: Համաշխարհային բանկից մենք դրամաշնորհ ստացանք եւ լավագույն միջազգային փորձագետները մեզ հետ աշխատում են, եւ հետաքրքիր է Դանիայի փորձը, որ ոչ թե համալսարանները մեխանիկորեն փակում են, այլ հնարավորություն են տալիս` համալսարաններն իրար հետ բանակցեն եւ մտնեն կառուցվածքային միավորների մեջ: Մենք նույն մասնավոր համալսարաններին ժամանակ ենք տվել, ասում ենք` հավատարմագրման պայմանները խիստ են լինելու, ոչ ոք չի անցնի այս իրավիճակով, իրար հետ բանակցեք, ստեղծեք միավորներ, բաժանեք ձեր շահույթները եւ մեծ միավորով մտեք, որպեսզի Հայաստանում ունենանք մի քանի լավ մասնավոր բուհ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս