Երեկ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան, որտեղ կայացել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ: Հայ-վրացական բարձր մակարդակի այդ հանդիպումներն ուշագրավ էին հատկապես դեկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետի հրավերով Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլիի Երեւան կատարելիք այցի հետաձգման ֆոնին:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հայտարարեց տվյալ այցի մասին` ընդ որում, մանրամասն ներկայացնելով այցի օրակարգը, սակայն ժամեր անց եղավ պաշտոնական հայտարարություն, որ այցը հետաձգվում է: Պատճառը, ըստ պաշտոնական հաղորդագրության, այն էր, որ Վրաստանի խորհրդարանը դեռեւս չի հաստատել կառավարության կազմը, ու Հայաստան այցը տեղի կունենա միայն դրանից հետո:
Ի վերջո, դժվար է միանշանակ ասել՝ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան տեղի կունենա՞, թե՞ ոչ, երբ Սերժ Սարգսյանն անձամբ է մեկնում Վրաստան: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:
-Պարո՛ն Վասաձե, Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում եւ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս չեղարկվել էր Վրաստանի վարչապետի այցը Հայաստան:
-Ճիշտն ասած, ինձ համար դժվար է ասել, թե ինչու այն ժամանակ չկայացավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի երեկվա այցին, ապա այն դառնում է արդեն բարի ավանդույթ, երբ Ամանորից առաջ Սերժ Սարգսյանն այցելում է Վրաստան: Նաեւ անցյալ տարի էր նա եկել մեզ մոտ, այնպես որ, սա այց է, որը տեղի է ունենում տարիներ շարունակ:
-Ստացվում է՝ անկախ Վրաստանի վարչապետի այցի կայանալ-չկայանալուց, Սերժ Սարգսյանը, միեւնույն է, այցելելո՞ւ էր Վրաստան:
-Իհարկե, ոչ: Սերժ Սարգսյանը նաեւ անցյալ տարի էր եկել Վրաստան: Այն արդեն լավ ավանդույթ է: Իհարկե, հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվում, որը վերաբերում է երկու երկրների հարաբերություններին: Մեր երկրների միջեւ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն: Կան այնպիսիները, որոնք կարող ենք լուծել հիմա, մյուսները՝ միգուցե ավելի ուշ՝ դրա համար ավելի հարմար ժամանակ: Մենք մի երկիր ենք, որը ԵՄ-ի հետ գտնվում է ազատ տնտեսական գոտում, իսկ Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում: Այս հանգամանքը կարող է օգտագործվել երկու երկրների կողմից: Այսինքն` կան մի շարք աշխատանքային հարցեր, որոնք պետք է լուծեն երկու երկրների ղեկավարները:
-ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո համագործակցության շրջանակը լայնացե՞լ է:
-Եթե մենք խոսում ենք բիզնեսի կամ առեւտրի մասին, ապա այդ առումով ոչինչ չի փոխվի: Հայաստանը բաց սահման ունի ԵԱՏՄ տիրույթում: Բոլոր հարցերը կքննարկվեն հանդիպումների ընթացքում: Այժմ նոր իրողություն է, որի շուրջ համաձայնության գալ է պետք:
–Պարո՛ն Վասաձե, ի վերջո, ո՞րն էր Վրաստանի վարչապետի այցի հետաձգման պատճառը: Ամեն դեպքում նման հանդիպումների շուրջ երկար ժամանակ են բանակցում: Ինչո՞ւ վերջին պահին այն անորոշ ժամանակով հետաձգվեց:
-Առաջին հերթին պետք չէ այցի հետաձգումը կապել հայ-վրացական հարաբերությունների հետ: Մեծ հավանականությամբ այցի չեղարկման պատճառ կարող էին դառնալ ներքին խնդիրները, այդ թվում՝ լարված ներքաղաքական իրավիճակները: Բանն այն է, որ լարված պայքար է ընթանում հենց իշխանական կուսակցության ներսում: Վստահեցնում եմ, որ իշխանական, կուսակցական հարցերը ցանկացած քաղաքական գործչի համար ավելի կարեւոր են, քան երկրների միջեւ հարաբերությունները: Հանդիպման չեղարկումը պետք չէ շատ տարօրինակ համարել, այդպիսի ֆորսժ-մաժորային իրավիճակներ լինում են: Ես կրկնում եմ` հանդիպման հետաձգման պատճառը Վրաստանում առկա ներքաղաքական իրավիճակն է: Հստակ կարող եմ ասել, որ դա կապված չէր հայ-վրացական հարաբերությունների հետ:
Նաիրա Հովհաննիսյան