Դարձյալ ծեծկռտուք. Շատինում կրքերը չեն հանդարտվում. ինչ կապ ունեն մարզպետն ու Աշոտ Արսենյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին:

Դրանից հետո Շատինում բողոքի ցույցեր եղան, եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի տեղեկությունները, այդ անհնազանդության հետեւում իրականում կանգնած են եղել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը, ՀՀ վարչապետի խորհրդական, նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, որոնք ամեն ինչ անում էին՝ Խուդոյանին համայնքի ղեկավար դարձնելու համար, բայց ձախողվեցին:

Սկզբում Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանի կողմնակիցները ցանկանում էին, որ Արթուր Ստեփանյանը չզբաղեցնի համայնքապետի պաշտոնը, հիմա էլ պահանջն այն է, որ նախկին գյուղապետ Մամիկոն Սմբատյանը չդառնա Եղեգիս համայնքի ղեկավար ընտրված Արթուր Ստեփանյանի տեղակալը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բանը նույնիսկ հասել է նրան, որ մոտավորապես տասն օր առաջ Խուդոյանի կողմնակիցները՝ Ավետիք Սմբատյանի գլխավորությամբ, գնացել են Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ՝ զրուցելու հենց Մամիկոն Սմբատյանի՝ տեղակալ դառնալ-չդառնալու թեմայով:

Մարզպետը, սակայն, նշել է, թե կարող է պատասխան տալ միայն ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ այդ մասին զրուցելուց հետո եւ, մեղմ ասած, «ճանապարհել է» նրանց: Այդ հանգամանքը խիստ զայրացրել էր Ավետիք Սմբատյանին եւ նրա կողմնակիցներին, ովքեր հանդիպումից անմիջապես հետո եկել են գյուղամեջ, կոտրել են գյուղապետարանի աստիճանները, ապակիները: Զավեշտալին այն է, որ նախկին եւ ներկա համայնքի ղեկավարների թիմակիցների միջեւ բախումն ու ծեծը շարունակվել է անգամ ոստիկանների ներկայությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաշքշուքներից վնասվածք են ստացել անգամ ոստիկանները: Սակայն կողմերը լռում են այս մասին:
Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ծեծկռտուքի մասին տեղյակ չէ, միայն գիտի, որ ժողովրդի մեծ մասը, իր խոսքով ասած, չի ցանկանում Մամիկոն Սմբատյանին տեսնել Ստեփանյանի օգնականի պաշտոնում: «Այդ մասը գիտեմ, որ ժողովուրդը չի ցանկանում նրան ոչ միայն տեղակալ, այլեւ որեւէ կարգավիճակով:

Սակայն բախման մասին որեւէ տեղեկություն չունեմ», – նշեց նա: Դիտարկմանը՝ ո՞ւմ է ցանկանում ժողովուրդն այդ պաշտոնում տեսնել, միգուցե՞ Ձեզ, Տիգրան Խուդոյանը նշեց. «Ի՞նձ, ինձ առաջարկ եղել է ամենաբարձր մակարդակներով, բայց ես հրաժարվել եմ: Ոչ թե ինձ չի սազում տեղակալ աշխատել, այլ պատճառն այն է, որ ես ունեմ աշխատանքային որոշակի սկզբունքներ: Իմ աշխատելաոճը երբեք չէր համընկնի այդ թիմի աշխատելաճին, հետեւաբար ես չէի կարող այդ թիմի հետ աշխատել»:

Ճշտող հարցին՝ ո՞ւմ կողմից է առաջարկ եղել, եւ ի՞նչ ասել է ամենաբարձր մակարդակ, միգուցե մարզպե՞տը, նա նշեց. «Առաջարկը եղել է ժողովրդի կողմից»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Եղեգիս համայնքի նորընտիր ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ, ով նշեց, որ վերը նշված դեպքերից հետո իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այժմ քննություն են տանում, իսկ իրավիճակն էլ ավելի հանգիստ եւ հանդարտ է: Նա ընդգծեց, որ մինչ այժմ ոչ ոքի չի նշանակել իրեն տեղակալ: Դեռ անհայտ է` իրավիճակն ինչպես կհանգուցալուծվի, թերեւս ամեն ինչ պարզ կդառնա դեպքի քննությունից հետո:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս