Ամեն մեկն ինքը պետք է իր համար տոն ստեղծի՝ առանց ցուցադրական ատրիբուտների․ Լուիզա Ղամբարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն Ամանոր է, եւ բոլորս շտապում ենք շնորհավորել միմյանց, բարեմաղթանքներ հղել, հույսեր կապել  2018 թվականի հետ։ Մշակույթի, շոու-բիզնեսի ներկայացուցիչները ևս մեծ ակնկալիքներ ունեն գալիք տարվանից։ «Ժողովուրդ»-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։ Վերջիններս պատմել են իրենց ասոցիացիաների մասին եւ բոլորն էլ միաձայն խոստովանել են, որ հավատում են ամանորյա հրաշքին։

Դերասանուհի Լուիզա Ղամբարյան

Ես փափագում եմ, որ գալիք տարում խաղաղություն տիրի աշխարհում։ Որպես հայ՝ ցանկանում եմ, որ բոլոր զինվորները առողջ լինեն եւ անփորձանք վերադառնան իրենց տներ։ Թող ոչ մի մայր արցունք չտեսնի, թող մեր ընտանիքներում տիրի բարեկեցությունը։ Մաղթում եմ, որ գեղեցիկ, հիշարժան օրերը շատ լինեն։ Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ նա առողջություն բերի իմ ընտանիքի անդամներին։ Ես, միանշանակ, հավատում եմ ամանորյա հրաշքին։

Բոլոր նրանց, ում տխրեցնում է տոների մոտենալը, թերեւս նեղսրտած են, ճնշված, եւ տոները նրանց համար դառնում են բեռ։ Կարծում եմ՝ ամեն մեկն ինքը պետք է իր համար տոն ստեղծի, այդ տոնով ապրի՝ առանց արհեստական, ցուցադրական ատրիբուտների, պետք է իր ուրախությունը կիսի դիմացինի հետ եւ շրջապատը լցնի բարությամբ, մաքրությամբ։ Ամանորը սկիզբ է, իսկ ցանկացած բանի սկիզբ պետք է գեղեցիկ լինի։

Հուսով եմ, որ գալիք տարում ճիշտ կբաշխեմ ժամանակս եւկկարողանամ եւ աշխատել, եւ նվիրվել ընտանիքիս։ 2018-ին գործնական կյանքում ինձ սպասում են մի շարք նորություններ։ Փետրվարին Հ․Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնենք «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացումը, ես կմարմնավորեմ Բլանշին։ Ոգեւորությամբ սպասում եմ պրեմիերային։




Լրահոս