Խոշոր չափերով գողություն Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից. 4 հոգի բացահայտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից կատարված գողությանը մասնակցություն ունեցած անձանցից 4-ի ինքնությունը. առաջադրվել են մեղադրանքներ։

2017թ. նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից պարբերաբար, առանձնապես խոշոր չափերի ոսկու հանքանյութ հափշտակելու դեպքի առթիվ ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնում հարուցված քրեական գործը։

Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանքանյութը հափշտակած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, ոսկու հանքանյութ գաղտնի հափշտակելու, այն վերամշակելու և իրացնելու նպատակով, ստեղծել են կայուն կազմակերպված խումբ և 2017 թ. հուլիսի 20-ից մինչև 2017թ. նոյեմբերը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից պարբերաբար հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ոսկու հանքանյութ, որը տեղափոխել են Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքի հարակից տարածքում իրենց կողմից վարձակալված արտադրամաս, վերամշակել այն, որի արդյունքում ստացած մաքուր ոսկու ձուլակտորներն իրացրել են Երևանում գործող ոսկու շուկայում ոսկու առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջը։

Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են 744,2 կիլոգրամի չափով հանքանյութ և լուծույթներ, որոնք ներկայացվել են դատաքիմիական-դատանյութագիտական- դատապարանքագիտական-դատահողագիտական համալիր փորձաքննության:

Քրեական գործով պարզվել է կազմակերպված խմբի անդամներից 4-ի ինքնությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերի ոսկի պարունակող հանքանյութեր հափշտակելու համար: Մեղադրյալներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ խմբի՝ հնարավոր այլ անդամների ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։




Լրահոս