Դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հնչում էր Մենդելսոն, Մոցարտ, Վենյավսկի: Ունկնդիրը հազիվ թե կռահեր, որ այդ կոմպոզիտորների գործերի լարային հնչողությունն ապահովում էր 9-ամյա ջութակահար Ալեքսանդր Խաչատրյանը: 2015թ. իտալական Ռիմինի քաղաքում փոքրիկ ջութակահարների մրցույթում առաջին մրցանակի արժանացած երաժիշտը կատարում էր բավական բարդ գործեր, որոնք, սովորաբար, կատարում են ավելի փարձառու ջութակահարները:
«Մենդելսոնի կոնցերտն այս տարիքում չեն նվագում, այն, սովորաբար, կատարում են աշխարհահռչակ երաժիշտները, սա մեծ ծավալի ստեղծագործություն է, եւ անսովոր է, որ փոքր երեխան կարող է այդքանը մտապահել: Բացի այդ` այսքան փոքր ջութակով այս կոնցերտը չեն նվագում, դա բավական բարդ է:
Ինձ հիացրեց նաեւ ուսուցչի կատարած աշխատանքը: Տաղանդավոր երեխային պետք է կարողանալ հետաքրքրել. Դա նրա մոտ ստացվել է: Ուրախ եմ, որ նման կադրեր ունենք, որոնք լարային դպրոցի ավանդույթների շարունակողն են: Բայց պետք է ասեմ, որ այսպիսի երեխաների հետ պետք է շատ զգույշ լինել, նրանք հատուկ վերաբերմունք են պահանջում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
Ինքը՝ Ալեքսանդրը, խոսեց իր երազանքի մասին, այն է` մեծ ջութակահար դառնալը: Նա նաեւ պատմեց, թե ինչպես է կարողանում հասցնել համատեղել երաժշտությամբ զբաղվելը` դպրոցի դասերի հետ. «Երբեմն բացակայում եմ դասերից, բայց հետո լրացնում եմ բաց թողնվածը: Առարկաներից սիրում եմ հատկապես մաթեմատիկան, այն, կարծում եմ, որոշ առումով կապ ունի երաժշտության հետ»,- ասաց ջութակահարը:
Նա ցանկանում է առաջիկայում մասնակցել մրցույթների Ֆրանսիայում եւ Իսպանիայում: Իսկ ինչ վերաբերում է փոքրիկ ջութակով բարդ գործեր նվագելուն, Ալեքսանդրը պատասխանեց. «Դա այդքան էլ դժվար չէ»:
Ջութակահարը նպատակ ունի առաջիկայում հանդես գալ նաեւ որպես դիրիժոր եւ դասավանդող. «Ծրագրում եմ ուսանել նախ՝ Մոսկվայի, ապա՝ Վիեննայի կոնսերվատորիաներում»,- ասաց նա:
Հավելենք, որ Ալեքսանդրը 2016 թվականից ուսանում է Արտաշես Մկրտչյանի մոտ: Նա նվագում է հայ անվանի վարպետ Շահեն Երիցյանի պատրաստած երկու քառորդ ջութակով:
Աննա Բաբաջանյան