ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի պահվածքից տպավորություն է, որ նա լրագրողների հետ շփումից առանձնահատուկ «ֆոբիա» ունի: Բանն այն է, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Աշոտ Մանուկյանն ասուլիսով հանդես եկավ միայն ամիսներ առաջ, այն էլ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով, երբ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարված էր ամփոփել կառավարության գործունեության մեկ տարին:
Մինչ այդ նախարարի հետ հնարավոր չէր լինում զրուցել անգամ կառավարության նիստերից հետո, երբ մյուս բոլոր նախարարները հաճախ էին շփվում լրագրողների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը Ամանորին ընդառաջ փորձել է Աշոտ Մանուկյանի հետ հարցազրույց անցկացնել, սակայն նա այս անգամ եւս կտրականապես մերժել է հարցերին պատասխանել: Հետաքրքիր է՝ ինչի՞ց է վախենում նախարարը, թե՞ նրա տեղակալ, վարչապետի փեսա Հայկ Հարությունյանի թույլատրությունը չի ստացել եւ փորձում է ավելորդ անգամ մամուլում չերեւալ: