ArmLur.am-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ ամփոփում է տարին:
-Պարո՛ն Տոնոյան, Դուք ԱԻՆ տեղափոխվեցիք պաշտպանության նախարարությունից, որտեղ Դուք գործել եք պետական պաշտոնյայի հրամայական կարգավիճակով: Այլ կերպ ասած` որտեղ կասեն, այնտեղ էլ կծառայեմ սկզբունքով: Հիմա որոշում կայացնողի դերում եք. անցումը ինչպե՞ս ստացվեց:
– Ձեր նշած անցման գործընթացում ամենադժվարը պատասխանատվության կտրուկ աճն է, որոշում կայացնել նշանակում է անել ընտրություն՝այս դեպքում գիտակցումով, որ քո ընտրությունով է պայմանավորված լինելու մի ամբողջ գերատեսչության գործունեության դաշտը:
Վերջերս հանդիպում ունեցա «Առաջնորդության դպրոցի» սաների հետ, երիտասարդներին ամենաշատը հետաքրքրքող հարցերից էր` ինչիպիսի՞ն պետք է լինի առաջնորդը, ասացի՝հետեւողական, արդար եւ ազնիվ. հետեւողական եւ արդար անձնակազմի կառավարման հարցում:
Ազնիվ պետք է լինել հատկապես կայացրածդ որոշումների հետեւանքները կրելու եւ որոշ դեպքերում այդ հետեւանքները շտկելու պատրաստակամությամբ: Սրանք այն հիմնական դրույթներն են, որոնք աշխատում եմ պահպանել:
-Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ փրկարար ծառայություններն առաջին անգամ ստիպված էին լայնածավալ արտակարգ պատահարի դեմ պայքարել` նկատի ունեմ Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհը, եւ ակնհայտ դարձավ, որ համապատասխան կառույցները ո՛չ տեխնիկապես եւ ո՛չ էլ ֆիզիկապես նման իրավիճակներին պատրաստ չեն, ինչո՞ւ:
-Հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում էին տեւական ժամանակ հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանը, հրդեհի ընթացքում առկա ուժեղ քամին, տեղանքի կտրատված, բարդ ռելիեֆը եւ ցամաքային ճանապարհների բացակայությունը:
Կրակի շատ օջախներին դժվար էր հասնել անգամ ոտքով, էլ չեմ խոսում հրշեջ մեքենայի մասին: Պետք է նշեմ նաեւ, որ արգելոցը զգայուն էկոհամակարգ է, որտեղ չի կարելի կոշտ միջամտություններ անել` հիդրոտեխնիկական կամ ճանապարհային ենթակառուցվածքների առումով: Մեր հրշեջ-փրկարարները գրեթե 2 շաբաթ անհավասար կռիվ են մղել կրակի դեմ` անձնազոհաբար պայքարելով յուրաքանչյուր ծառի համար:
Միեւնույն ժամանակ նշեմ, որ հրդեհը բավական կարճ ժամանակում է մարվել, քանի որ նույնիսկ մեզնից շատ ավելի լավ պատրաստված երկրները խոշոր անտառային հրդեհների դեպքում լուրջ խնդիրների առաջ են կանգնում եւ դիմում միջազգային օգնության: Այս տարին, ընդհանրապես, առատ էր նման դեպքերով եւ ոչ միայն մեր տարածաշրջանի երկրներում այլեւ եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու հարեւան Վրաստանում: 2010թ. Մորդովիայում անտառային հրդեհների մարման համար մենք օգնության ձեռք ենք մեկնել Ռուսաստանին, իսկ այս տարի` Վրաստանին, որի համար մեր փրկարարները բարձր պարգեւների են արժանացել այդ երկրների ղեկավարության կողմից:
-Այդ իրավիճակը նման էր ապրիլյան 4-օրյա պատերազմական գործողությունների օրերին հայկական բանակի անպատրաստվածությանը: Այդ ժամանակ Դուք փոխնախարար էիք: Ինչո՞ւ չի ստացվում համակարգված աշխատանքը պետական գերատեսչությունում:
-Չկա չհամակարգված աշխատանք, կա ճգնաժամերին արձագանքելու առաջին փուլում որոշակի աններդաշնակություն, որը շատ կարճ ժամանակահատվածում շտկվում է եւ երբեւէ չի վերածվում խուճապի, որոշումները կայացվում են ճիշտ ժամանակին:
Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, այն ուղղակիորեն կապված է մեր տնտեսական զարգացվածության մակարդակի հետ: Անշուշտ, քաղված դասերը պարտադրում են ավելի շատ ուշադրություն դարձնել ճգնաժամերին արձագանքման պատրաստվածության, գործողությունների պլանավորման եւ կանխատեսման գործընթացներին:
Այնուամենայնիվ, չեմ կարող չնշել, որ բոլոր օղակների ղեկավարներն ու անձնակազմերն անձնուրաց աշխատում են թե՛ մարդածին (ներառյալ մարտական գործողություններն ու պատերազմները), թե՛ բնական աղետներին արձագանքելու ժամանակ:
-Աստված մի արասցե, Հայաստանում նորից երկրաշարժ տեղի ունենա, մեր սեյսմիկ եւ փրկարար ծառայությունները նման իրավիճակում գործելուն պատրա՞ստ են, թե՞ հետո պետք է պարզենք, որ այնտեղ էլ խնդիր ունենք:
-Գիտեք ինչ, երկրաշարժը պարզապես բնական երեւույթ է. մարդիկ մահանում են վատ կառուցված շենքերից, անվտանգության վարքականոններին չտիրապետելուց կամ դրանք խախտելուց: Օրինակ՝ գիտեք, որ Սպիտակի երկրաշարժից հետո շատ մարդիկ մահացել են ոչ ճիշտ ցուցաբերված օգնության պատճառով, շենքերը կառուցված են եղել ավելի ցածր բալայնության հաշվարկով, չկար փրկարար ծառայություն եւ այլն: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել:
ՀՀ կառավարությունն այս տարվա սեպտեմբերին արձանագրային որոշմամբ ընդունել է ՀՀ-ում շենքերի եւ շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունը: Փաստաթղթում ներկայացված են գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի եւ շինությունների սեյսմակայունության բարձրացման սկզբունքները, այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման քայլերը, սեյսմակայունության բարձրացում պահանջող շենքերի եւ շինությունների առաջնահերթության չափանիշները:
Մենք ունենք յուրահատուկ կենտրոնացված կառավարման համակարգով արտակարգ իրավիճակների նախարարություն ու միջազգային չափանիշներին համապատասխան փրկարարական ջոկատներ: Պարբերաբար արդիականացվում է նաե հրշեջ-փրկարարական ջոկատների գույքը:
Այս տարի ԱՄՆ մեր գործընկերները 3 մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներին հրդեհաշիջման նոր գույք են տրամադրել: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի շնորհիվ թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզային ջոկատները հագեցվել են նոր փրկարարական սարքավորումներով (մոտորանավակներ, լուսային աշտարակներ, վրաններ, գեներատորներ, որոնողական սարքեր, կվադրոցիկլեր եւ այլն), փրկարարական ու առաջին օգնության ավտոմեքենաներով:
Տեխնիկական այս հագեցվածությունը թույլ կտա նոր որակ բերել փրկարարական աշխատանքներում, ընդ որում թե՛ ջրում, թե՛ ցամաքում, բացի այդ` կենտրոնի միջոցով նաեւ բազմաթիվ դասընթացներ եւ համատեղ վարժանքներ են իրականացվում` միտված փրկարարների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը: Երկու հրշեջ մեքենա նվեր ենք ստացել Գլենդելի քաղաքապետարանից:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով Հայաստանին տրամադրել են բոլորովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք, շարժական արհեստանոցներ եւ պահեստամասեր, որոնք համալրելու են Սյունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի տեխնիկական բազան:
Ճապոնական նույն գործակալության հետ իրականացվելու է նաեւ մեկ այլ ծրագիր` ուղղված բնակչության իրազեկվածության բարձրացմանը: Նախատեսում ենք հիմնել բազմաֆունկցիոնալ ուսումնական կենտրոն, որտեղ դասընթացներ կկազմակերպվեն թիրախային տարբեր խմբերի համար՝ լրատվամիջոցներից մինչեւ երեխաներ ու մասնավոր սեկտոր:
-Հակակարկտային կայանների անհրաժեշտության մասին միշտ խոսվում է, բայց հայ գյուղացին շարունակում է տուժել կարկուտից. այս տարի եւս նման ցավալի դեպքեր եղան: Կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում` գյուղացուն արհավիրքներից պաշտպանելու համար:
-Այո՛, Ձեր նշած խնդիրն արդիական է ու ցավոտ, բայց այդ ուղղությամբ այս տարի զգալի քայլեր են արվել: Նախ ասեմ, որ մինչեւ վերջերս ՀՀ տարածքում հակակարկտային ներգործությունն իրականացվում էր հիմնականում գազագեներատորային մեթոդով:
Պետական ծրագրերով տեղադրված գազագեներատորային կայանները հիմնականում տեղակայված են հանրապետության հարավ-արեւմտյան սահմանին ու ապահովում են նախատեսված արդյունավետությունը, իսկ առանց ԱԻՆ հետ համաձայնեցնելու` տարերայնորեն տեղադրված կայանքները չեն կարող արդյունավետ լինել: Այդ իսկ պատճառով վերջիններիս կողմից պաշտպանվող տարածքներում դիտվում են կարկտահարության դեպքեր:
Ներկայումս, ՀՀ կառավարության որոշմամբ, ԱԻ նախարարությունն իրականացնում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում մեր երկրում ներդրվում են նորագույն արտադրության եւ բարձր արդյունավետություն ապահովող հակակարկտային հրթիռային կայաններ:
Մեր վարած բանակցությունների արդյունքում ռուսական ընկերությունը նախատեսված 2 կայանի հետ միասին, որպես նվիրատվություն, տրամադրել է եւս մեկ կայան, արդյունքում երկու «Элия 3» կայան արդեն տեղադրվել է Արագածոտնի, մեկը` Արմավիրի մարզում: Դրա շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի` կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնելով շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:
Կրակոցներն իրականացվում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա` կիրառելով վերջին սերնդի բարձրորակ հրթիռներ եւ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն: Համեմատության համար ասեմ, որ այժմ գործող 546 գազագեներատորային կայանների պաշտպանած տարածքը կազմում է ընդամենը 50 000 հա: Եթե պիլոտային ծրագիրը հաջող լինի, ԱԻ նախարարությունը կապահովի ծրագրի շարունակականությունը, եւ ՀՀ մյուս մարզերի մշակովի հողատարածքները նույնպես կանցնեն նման կայանների պաշտպանության տակ:
Զրուցեց Քնար Մանուկյանը