Ճանապարհաշինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատանքը կամաց-կամաց դառնում է անհետաքրքիր: Ինչո՞ւ, որովհետեւ բյուջետային հատկացումները պակասում են, եւ ճանշինների առաջվա եկամուտը հնարավոր չէ այս պայմաններում ստանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը առիթ ունեցել է գրելու, որ շատ ընկերություններ գնում են սնանկացման ճանապարհով: Օրինակ՝ երբեմնի հզոր «Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման» փակ բաժնետիրական ընկերությունը հարկային ժամկետանց պարտավորությունների եւ այլ պարտքերի պատճառով սնանկ է ճանաչվել: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արտակ Հարությունյանն ասաց, որ ընկերության ունեցած պարտքը կազմում է 301 միլիոն դրամ: Ու թեեւ ընկերության ողջ գույքը վաճառվել է, սակայն պարտքերն ամբողջությամբ չեն մարվել: Արտակ Հարությունյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ թե ո՞վ է գնել Իջեւանի ՃՇՇ-ի գույքը, նա ասաց, որ «Վառմաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Վանաձոր քաղաքի փողոցների նորոգման համար 2017թ. սեպտեմբերին հատկացրել է 290 միլիոն դրամ: Այդ աշխատանքներն իրականացնող 3 կազմակերպությունների թվում է «Վառմաշ» ՍՊԸ-ն:
ճանապարհաշինական այդ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Արթուր Անտոնյանն է: Նրանից էլ տեղեկացանք, որ «Վառմաշը» 2013թ. վաճառվել է, սեփականատերը փոխվել է: Անտոնյանի տեղեկացմամբ` այդ հարցով կարող ենք դիմել Կարեն Աֆրոյանին: Երբ զանգահարեցինք նրան, նկատվեց, որ Իջեւանի ՃՇՇ-ի գույքը գնելու վերաբերյալ մեր հարցերն այնքան էլ դուրեկան չէին նրան:
-Ո՞վ է «Վառմաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատերը:
– Ես եմ:
– Միանձնյա՞:
– Այո՛:
-Արդյո՞ք ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը «Վառմաշի» սեփականատերն է, ի՞նչ կապ ունի նա:
– Ո՛չ: Ոչ մի:
Մինչդեռ իրականում ճանապարհաշինարարության ոլորտում աշխատող անձաց շրջանում համառ լուրեր են պտտվում, որ «Վառմաշի» փաստացի սեփականատերը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն է: Սակայն պատգամավորից լուրը ճշտել չհաջողվեց. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ