Շանտղություն շանտղությանց. հորմոնացված հավերից` սրտանոթային խնդիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին շուկայում ներմուծվող թռչնամիսը, որպես կանոն, ավելի էժան է, քան տեղական արտադրության։ Իսկ մեր հայրենակիցների մեծ մասը հավի միս գնելիս առաջին հերթին ուշադրություն է դարձնում գնին եւ հետո նոր որակին։ Մասնագետներն, իհարկե, ահազանգում են` այսօր դժվար է գտնել առանց հորմոնային հավելումների սննդատեսակ: Հորմոններն այսօր այնպես են ներխուժել մեր կյանք, որ դժվար է պատկերացնել որեւէ սննդատեսակ առանց հորմոնային հավելումների: Հորմոնացված է ե՛ւ հավի, ե՛ւ տավարի, ե՛ւ ձկան միսը:

Օրերս «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ներկրված սառեցված հավի 9 արտադրատեսակ, որոնցից 5-ում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ եւ հակաբիոտիկներ, ի դեպ, դրանց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է, իսկ կիրառումը` թույլատրվում միայն բժշկի դեղատոմսով։ Եւ սա այն դեպքում, երբ գործադիր մարմնի ղեկավարը իր կողմից նշանակված սննդամթերքի անվտանգության պետ Իշխան Կարապետյանին հորդորել էր ստուգել հանրությանը մատուցվող սննդի որակը:

Մյուս կողմից, նկատենք, որ ստեղծված այս իրավիճակի պատասխանատուն ինչ-որ չափով նաեւ առողջապահության նախարարությունն է, եւ այս կառույցն իր «հեղինակավոր» խոսքը պետք է ասեր կատարվածի մասին: Մինչդեռ այս կառույցը լռում է:

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե երկրում սննդի որակի, սննդի արտադրության տեխնոլոգիական ողջ պրոցեսի հիգիենիկ, նորմատիվ խնդիրների լուծման վերաբերյալ վերահսկելիությունը ապահովելու խնդիր կա:

«Կառավարման խնդիրն առաջացել է հենց 2004-2005 թվականներին` առաջին կոալիցիոն կառավարության ժամանակ, երբ գյուղատնտեսության եւ առողջապահության սննդի վերահսկման ֆունկցիաները տարանջատվեցին: Կառավարությունը բավականին լուրջ սխալ արեց, երբ շատ հանգիստ առողջապահությունից սննդի հիգիենայի խնդիրները վերցրեց եւ տարավ գյուղատնտեսության նախարարության համակարգ:

Այսինքն` մարդու առողջությունը եւ սննդի անվտանգության խնդիրները միմյանցից կտրեց: Իսկ առողջապահության նախարարությունը պարբերաբար սկսեց հետ քաշվել խնդրից: Անգամ չենք կարողանում որոշել` այս կամ այն սննդամթերքում հայտնաբերված վնասակար նյութերը վերջապես սպառողի վրա ինչ հետեւանքներ կարող են թողնել: Մենք գրականության տվյալներով կարողանում ենք անուղղակիորեն խոսել, թե հայտնաբերված նիտրատները, ֆոսֆատները վնասակար ինչ ազդեցություն կարող են թողնել մարդու օրգանիզմի վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Ա. Մկրտչյանը:

Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համոզված նշեց նաեւ, որ սննդի անվտանգության ոլորտում կա մասնագիտական ներուժի խնդիր, մասնավորապես սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը (խոսքը Իշխան Կարապետյանի մասին է-Ս.Հ.) սննդի արդյունաբերության ոլորտից է:

Իսկ ըստ Մկրտչյանի` այդ ոլորտի մարդը մասնագիտական գիտելիքներով օժտված չի կարող լինել. «Տեխնոլոգիական գործընթացի որոշակի տեղեկություններին տիրապետելը կամ երշիկ արտադրելու բիզնեսին ծանոթ լինելը, կարճ ասած, նախկին բիզնեսմենը չի կարող վերահսկման ծառայություն իրականացնել: Չի կարելի նման բան անել, հետո ինչ, որ իրար հետ մտերիմ են, ախպեր կամ ընկեր են: Ավելին` իր նշանակումից հետո շատ մասնագետներ սննդի տեսչությունը թողեցին ու հեռացան»:

Իսկ ինչ վտանգ կարող է առաջացնել մարդու առողջությանը, երբ սպառողն օգտագործի հակաբիոտիկ, սալմոնելա կամ ՄԱՖԱՄ պարունակող հավ: Չէ՞ որ այսօր թռչնամիսը Հայաստանում համարվում է լայն սպառման մսամթերք: Այս հարցին ի պատասխան` Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թվարկեց. «Հայտնաբերված մանրէների տեսանկյունից կարող է սուր աղիքային հիվանդությունների բռնկման դեպքեր ունենանք, եթե նաեւ պահպանման խնդիրները մի փոքր խախտվեն, նամանավանդ տոնական օրերին:

Բացի այս` մի շարք մետաղների առկայությունը մսի մեջ առողջությանը հեռահար ազդեցություն կարող է թողնել: Այսինքն` ունենք կայծակնային ազդեցություն, դա սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդությունն է թունավորումների տեսքով, եւ հեռահար, որոնք օրգանիզմում կարող են ժամանակի ընթացքում աստիճանաբար անդառնալի փոփոխութուններ առաջացնել»:

Մեր զրուցակցի խոսքերով` մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ հիմնականում հորմոնալ ներարկումներ ավելացնելով թռչնամսի, մսամթերքի մեջ` որոշակի մետաղներ կարող են ներզատական, այսինքն` էնդոկրին համակարգի փոփոխություններ առաջացնել մարդկանց մոտ: «Դրանք իրենց հերթին, բնականաբար, սրտանոթային համակարգի վրա կարող են ազդեցություն թողնել:

Այսինքն` ցանկացած հիվանդություն, ախտահարում ունի բազմապատճառ ազդակներ: Իսկ պատճառներից մեկն էլ սնունդն է: Հակաբիոտիկները արդեն հավի մսի մեջ որոշակի փոփոխություններ են ունենում. տարրալուծման պրոցես է գնում մսամթերքի մեջ, գոնե մնար հակաբիոտիկի տեսքով, հակառակ դեպքում ավելի վատ պրոդուկտ է առաջանում:

Այսինքն` հակաբիոտիկը լաբորատոր հետազոտությամբ անջատվում է, բայց այն մնալով մսամթերքի մեջ եւ մի փոքր ջերմային պայմանների փոփոխության դեպքում` մսամթերքում գոյություն ունեցող ֆերմենտների հետ մտնում է քիմիական ռեակցիաների մեջ: Մի խոսքով, այստեղ քիմիական պրոցեսների հետ գործ ունենք»,- ներկայացրեց առողջապահության նախկին նախարարը:

Այնուամենայնիվ, առաջնային եւ գլխավոր հարցը Հայաստանի քաղաքացու անվտանգությունն է. այսինքն` հակաբիոտիկներով, սալմոնելա խմբի մանրէներով թռչնամիսը վտանգե՞լ է մարդու առողջությունը, թե՞ ոչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս