ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու հետևանքները. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությանը կարագի փոխարեն մարգարին վաճառելու քրեական գործի շուրջ քննարկումները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հոկտեմբերի վերջին գրել էր, որ ՊՆ-ն պայմանագիրը միակողմանի լուծել է «ԽԱՔ» եւ «Տիսա» ընկերությունների հետ, քանի որ զինվորական հոսպիտալին մատակարարվել է մանրէաբանական եւ ֆիզիկաքիմիական ցուցանիշներին չհամապատասխանող կաթնաշոռ ու թթվասեր: Ապա օրեր անց պարզ դարձավ, որ ՊՆ-ին կարագի փոխարեն մատակարարվել է մարգարին, այս անգամ արդեն «Էլայզեռ» եւ «ՍՊ» ընկերությունների կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «ՍՊ» ընկերությունը անցած տարվա հոկտեմբերի 14-ից հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Պատճառն այն է, որ խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծարմանը: Այս ընկերությունը ֆինանսների նախարարության «սեւ ցուցակից» դուրս է եկել հոկտեմբերի 14-ին: Բացի այս` «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՊՆ-ն դեկտեմբերի 20-ին դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ մյուս` «Էլայզեռ» ընկերությանը սեւ ցուցակ ներառելու պահանջով:

Ի դեպ, մամուլում լուրեր շրջանառվեցին, որ այս ընկերություններից «ՍՊ»-ն կապ ունի սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ: Ըստ այդ տեղեկությունների` ՍԱՊԾ նշված պաշտոնյայի ճնշման ազդեցության տակ են աշխատակիցները փորձաքննության վերջնական արդյունքներում կեղծիք կատարել եւ ներկրված մարգարինը կարագի տեղ ներկայացրել:

Նշենք, որ ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրգործով 2 աշխատակից է անցնում։ Այդ թվում նաեւ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ցողիկ Գզիրյանը: Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել եւ գործի քննության ժամանակ խոստովանել, որ սխալ փորձաքննություն են արել: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել Եղիշե Մարգարյանի հետ. ՍԱՊԾ լրատվական ծառայությունը ամեն կերպ թաքցրեց նրան՝ պնդելով, որ 39-ամյա Մարգարյանը կապ չունի այդ ընկերության հետ:

Մինչդեռ նրա պաշտոնական հայտարարագրում նշված է, որ երկու ընկերությունում ունի 55 հազար դրամի չափով բաժնեմաս: Ի դեպ, «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ում ժամանակին խորհրդական աշխատած Մարգարյանը ունի երկու բնակարան, մեկ հողամաս, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, «Volkswagen Golf 2.01» մակնիշի մեկ ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 74 մլն դրամ եւ 270 հազար դոլար: Իսկ դրամական միջոցները կազմել են 23 մլն դրամ, 33 հազար դոլար, 6500 եվրո եւ 50 հազար ռուսական ռուբլի: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը` 3 մլն 762 հազար դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս