Գյումրիում ապօրինի գործող գիշերային ակումբները կփակվե՞ն. Սամվել Բալասանյանը պատասխանել է դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մոտ մեկ շաբաթ առաջ հայտնել է, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը երկու գրություն է ուղարկել Գյումրի քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ քաղաքում առկա խնդիրների հետ կապված:

Առաջին գրությամբ, որը վերաբերում էր Գյումրիի փողոցների սառցապատ լինելուն եւ ձնամաքրման աշխատանքները ժամանակին չկատարելուն, նա քաղաքապետին հորդորել էր գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքի բնակչության անվտանգություն ապահովելու մասով:

Ավելին` Շիրակի դատախազը քաղաքապետին առաջարկել էր դիտարկել նաեւ աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը:

ArmLur.am-ը Շիրակի մարզի դատախազությունից փորձեց տեղեկանալ` ստացվել է արդյոք գրությունների պատասխանը:

Պարզեցինք, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատասխանել է դատախազին:

Պատասխանում ասվում է.

«Գյումրի քաղաքի համայքային ճանապարհների ձնամաքրման և բնակչության անվտանգ երթևեկությունն ապահովելու ուղղությամբ, գործուն միջոցներ ձեռնարկելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը քննարկելու վերաբերյալ գրության կապակցությամբ նշվել է, որ չնայած փողոցները մաքրվել և մշակվել են աղ-ավազով, երեկոյան ջերմաստիճանի կտրուկ նվազման և քամու ուժգնացման պատճառով փողոցները սառցակալվել են: Իսկ համայնքի ունեցած տեխնիկական սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս քաղաքի ողջ տարածքը միաժամանակ մաքրել կամ մշակել աղ-ավազով:

Տեղեկացվել է նաև, որ Գյումրի համայնքի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության համապատասխան ստորաբաժանումները, իրավասու պաշտոնատար անձինք խստագույնս զգուշացվել են իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու, թերությունները ու բացթողումները վերացնելու համար և նրանց հանձնարարվել է գործուն միջոցառումներ իրականացնել հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու ուղղությամբ:

Երկրորդ գրության կապակցությամբ, որը վերաբերում էր Ժամը 24։00-ից հետո ապօրինի գործունեություն ծավալող ժամանցի օբյեկտներին, որտեղ նաև հաճախ են իրավախախտման և հանցագործության դեպքեր արձանագրվել, օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու, գործունեության ժամերի առումով նմանատիպ ակումբների աշխատանքն, առավել կանոնակարգելու ուղղությամբ միջոցներ կիրառելուն տեղեկացվել է, որ հարուցվել է վարչական վարույթ՝ գործի հանգամանքները պարզաբանելու և նշված օբյեկտներում գործունեության իրականացնող անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Տեղեկացվել է նաև, որ Գյումրու համանքապետարանի համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել՝ համայնքի տարածքում ժամը 24:00-ից հետո առանց համապատասխան թույլտվության գործող զվարճանքի օբյեկտները հայտնաբերելու, դրանց ապօրինի գործունեությունը դադարեցնելու, պատասխանատու անձանց նկատմամբ համապատասխան վարչարարական ներգոծության միջոցներ կիրառելու համար»:




Լրահոս