Շարունակե՛ք հետեւել առողջ ապրելակերպին եւ «տուռնիկ» խաղալ. ինչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը:

Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին:
2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին:

Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում:

Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Ձիու տարում ծնված Քոչարյանի համար 2017-ը անձնական կյանքում կայուն տարի էր: Ձեռքբերումներ եղան առատ որսի տեսքով եւ շարունակվեցին մարդկային հարաբերությունների հետաքրքիր բացահայտումները: Հավատարմության խորհրդանիշ շան տարում Ձեր ինքնամփոփ, մեկուսացված կեցվածքը կշարունակի ցանկալի լինել ինչպես Ձեր, այնպես էլ երբեմնի ամենամտերիմների համար: Կրկին կսպասեք հարմար պահի՝ հարձակվելու կամ ակտիվության նշաններ ցուցաբերելու համար, սակայն աստղերը հուշում են, որ 2018-ին էլ թերեւս չի գա այդ ցանկալի պահը:

Գալիք տարում կույսերը պետք է կենտրոնանան աշխատանքի վրա, որոնք սկսելու են ճնշել՝ անձնական տարածք մտնելով, քանի որ ընտանիքի երիտասարդ անդամներին խորհուրդներ տալու անհրաժեշտություն հաճախ կառաջանա։ Հնարավոր է՝ շրջապատում կան մարդիկ, ովքեր ելնում են ոչ թե ընդհանուր, այլ անձնական հետաքրքրություններից. զգույշ եղե՛ք նրանց հետ շփումերում: Շարունակե՛ք հետեւել առողջ ապրելակերպին եւ «տուռնիկ» խաղալ. դա ամենահետաքրքիր զբաղմունքը կլինի Ձեզ համար 2018-ի ընթացքում:

Շարունակելի…

Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց»
Թագուհի Թովմասյանը




Լրահոս