Դեկտեմբերի 27-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական, ճարտարապետ Ռուզան Ռազմիկի Ալավերդյանը:
Ռուզան Ալավերդյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին, Երևանում:
1964թ. նա ոսկե մեդալով ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի (Ն. Կրուպսկայայի) անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ 1964-1970 թվականներին սովորել և ավարտել է ԵրՊԻ-ի ճարտարապետական ֆակուլտետը:
Ռ. Ալավերդյանն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1970 թվականին «Երևաննախագիծ» ինստիտուտում, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոցում: Այդ տարիներին են նախագծվել նրա բնակելի, հասարակական կառույցները, այդ թվում՝ ճարտարապետ Լևոն Ղալումյանի հետ համահեղինակությամբ կառուցվել են Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը (1981թ. ՀԱԿԵՄ մրցանակ), «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտը, Երևանի թիվ 13 միջնակարգ դպրոցը (1992թ. Միջազգային ճարտարապետական ակադեմիայի մրցանակ), Ամերիկյան Կարմիր խաչի կառուցած բնակելի թաղամասը (1990-2001), Երևանի Հյուսիսային պողոտայում բազմաֆունկցիոնալ կառույցը, 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման համար կազմվել են «Մարմաշեն» շրջանի մանրամասն հատակագծման (1989-1990) ու կառուցապատման (1990-1991) նախագծերը և այլն։
1995-2000թթ. Ռ. Ալավերդյանն աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմում՝ որպես փորձագետ, մասնակցել «Քաղաքաշինության մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և այլ օրինագծերի մշակմանը։
2000 թվականի օգոստոսից Ռուզան Ալավերդյանն իր աշխատանքային կենսագրությունն է սկսել ՀՀ քաղաքաշինության նախարարությունում, երկար տարիներ լինելով նախարարի տեղակալ և համակարգելով քաղաքաշինության քաղաքականության, տարածական պլանավորման և ճարտարապետության ոլորտները, իսկ 2016 թվականի փետրվարի 18-ից՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդականն էր:
Հայաստանի ճարտարապետների միության վարչության և Երևանի քաղաքաշինական խորհրդի անդամ է:
Ոուզան Ալավերդյանի հեղինակությամբ կամ անմիջական ղեկավարությամբ մշակվել են բազմաթիվ իրավական ակտերի և օրենքների նախագծեր, այդ թվում նաև՝ «Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագիծը:
Նա հանդիսանում էր Հայաստանի Հանրապետությունում ԵԽ Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի համակարգողը:
Ռուզան Ալավերդյանը, համադրելով ստեղծագործական և պետական պաշտոնյայի գործունեությունը, իր որոշակի դերն է ունեցել քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտների քաղաքականության մշակման և զարգացման գործում՝ վայելելով գործընկերների սերն ու հարգանքը: Բարձր գնահատականի են արժանացել քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների պետական կառավարման բնագավառում նրա անձնական ներդրումները, որոնց համար՝
2005 թվականի դեկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով,
2012 թվականին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով,
2013-ին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
2013 թվականի դեկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով։
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ողջ աշխատակազմը, Հայաստանի ճարտարապետների և շինարարների միությունները, Երևաննախագիծ և Հայնախագիծ մասնագիտական կառույցները սգում են ոլորտի պրոֆեսիոնալի և սկզբունքային գործընկերոջ մահը, ցավակցում Ռուզան Ալավերդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Ռուզան Ալավերդյանի հիշատակը վառ կմնա իրեն ճանաչողների սրտերում:
Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին՝ ժամը՝ 18.00-20.00-ին, Նուբարաշեն 46 հասցեում (սգո սրահ).
Հուղարկավորությունը՝ նույն հասցեից՝ դեկտեմբերի 29-ին, ժամը՝ 13.00-ին:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Հայաստանի ճարտարապետների միություն
Հայաստանի շինարարների միություն
«Երևաննախագիծ» ինստիտուռ
«Հայնախագիծ» ինստիտուտ