Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգեւատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
Երկրի ղեկավարը 2017 թվականը բնութագրել է որպես մեր հանրապետության համար սպորտի բնագավառում լուրջ ձեռքբերումների տարի, ինչի մասին են վկայում արցախցի մարզիկների հաղթանակներն ու մեդալների նվաճումներն աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի Հանրապետության առաջնություններում:
«Այսօր մենք կարող ենք փաստել՝ մեր հանրապետությունն ունի ձեւավորված սպորտային դպրոցներ, որոնք պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները: Փոքր Արցախը, իսկապես, իր արժանի տեղը նվաճեց համաշխարհային սպորտի մեջ, եւ մեր հաղթանակները դրա վառ օրինակներից են: Առողջ, ֆիզիկապես ուժեղ, կիրթ, նպատակասլաց եւ հայրենասեր երիտասարդությունը մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է, մեր երկրի եւ պետության հուսալի պաշտպանը, նրա բնականոն զարգացման եւ զորացման ամենամեծ ներուժը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանը մաղթել է բոլոր պարգեւատրվածներին նորանոր հաջողություններ՝ հավելելով, որ այն ուշադրությունը, որը դարձվում է պետության կողմից մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը, այսուհետ եւս կկրի մշտական եւ շարունակական բնույթ: