«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները տեւական ժամանակ է` դժգոհում են կազմակերպության տնօրեն Վաչե Հովեյանի գործելաոճից: Ըստ աշխատակիցների` երկու տարի առաջ նշանակվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին` «աշխատանքից ազատում է իր համար ոչ ցանկալի մարդկանց»:
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի որդու գործելաոճից դժգոհություններին «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում մի քանի անգամ անդրադարձել է: Եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աշխատանքից ազատված աշխատողները դատական կարգով վիճարկել են Հովեյանի որոշումը: Այդ անձանցից է իրավաբան Սաթենիկ Գասպարյանը, ով պնդումն է` անօրեն է հեռացվել աշխատանքից:
ՊՈԱԿ-ի կադրերի գծով արդեն նախկին տեսուչ Լիաննա Գրիգորյանը մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդից այս տարվա հուլիսին համարվել է վերադարձած եւ ներկայացել աշխատանքի: Սակայն նույն օրը պարզել է, որ «աշխատանքից ազատված է, եւ իրեն հանձնվել է ազատման հրամանը»: Ինչից հետո Լիանա Գրիգորյանը նույնպես հայցադիմում է ներկայացրել դատարան:
Աշխատողներից Նառա Ստեփանյանը դեռեւս 1992 թվականից աշխատել է Կամերային երաժշտության տանը: «Վաչե Հովեյանը 2015 թվականի սեպտեմբերի 28-ին ԿԵԱԿ-ի տնօրեն նշանակվելու առաջին իսկ օրվանից դրսեւորեց իր անմարդկային որակները: Նա անօրեն հրամաններ էր արձակում, աշխատողներին թշնամաբար էր վերաբերվում, արհամարհում եւ հայհոյանքներ շռայլելու հմտություններ ունի: Հովեյանը անընդհատ աշխատակիցներին տեղյակ էր պահում՝ եթե դուրներդ չի գալիս, դիմում գրեք, ազատվեք: Դրսում 2000 սոված մարդ կա: Եւ անհիմն նկատողություններ տալով` ինձ հեռացրեց աշխատանքից»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Նառա Ստեփանյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ աշխատողներն այս խնդրի շուրջ նամակով դիմել են նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Սակայն առարկայական արձագանք չկա: Կարելի է ասել` Հովեյանի դեմն առնող չկա:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ փորձեց կապ հաստատել Վաչե Հովեյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգին պատասխանեց փոխտնօրեն Աննա Ճուղուրյանը եւ փոխանցեց, որ Հովեյանն արձակուրդում է: Նա խնդրեց տալ հեռախոսահամար` օրվա ընթացքում հետ զանգելու եւ մեկնաբանելու համար: Բայց այդպես էլ մեզ չզանգահարեցին:
Սյունէ Համբարձումյան