Եթե մեզանից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում պայքարել ընտրակաշառքի դեմ, ապա պետք է մերժողական վերաբերմունք դրսևորի. Տիգրան Մուկուչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է անցնող 2017 թվականը:

-Պարո՛ն Մուկուչյան, այս տարվա ամենահիշարժան իրադարձությունների թվում առաջինը շեշտում են խորհրդարանական ընտրությունները: Եւ, ընդհանրապես, 2017 թվականը ընտրություններով «առատ էր»: Ինքներդ ընտրությունների որակից գո՞հ եք:

-2017թ. ընթացքում ոչ միայն համապետական ընտրություններ ունեցանք, այլեւ տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրություններ, միաժամանակ 90 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Եւ որպեսզի ծավալային առումով ավելի պատկերավոր լինի, ասեմ` թեեւ խոսքը վերաբերում էր 90 համայնքի, բայց ընտրական տեղամասեր էին կազմավորվել 380 բնակավայրերում, որովհետեւ 34 համայնքներ խոշորացված էին: Այս ամենը բավական ընդգրկուն էր եւ աշխատանքի կազմակերպման, եւ ծավալի առումով: 2016թ. ընդունվել էր նոր Ընտրական օրենսգիրք, որի կանոնակարգումներին համապատասխան անցկացվեցին ԱԺ ընտրությունները, Երեւանի ավագանու եւ մյուս համայնքների ՏԻՄ ընտրությունները:

Եւ ԸՕ կանոնակարգումները մեզանում կյանքի կոչվեցին լիարժեք ծավալով, եւ ըստ էության կայացած ընտրությունները կազմակերպչական առումով, օրենսդրական լուծումների առումով աննախադեպ էին: Աննախադեպ էին, որովհետեւ առաջին անգամ մեզանում իրականացվեց տեխնիկական սարքավորումների կիրառմամբ ընտրողների գրանցման գործընթաց, համապետական ընտրությունների ժամանակ 1500 տեղամասերում կազմակերպվեց քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման ուղիղ առցանց հեռարձակում: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, չնայած օրենքով չկար նման պարտադրանք, բոլոր տեղամասային կենտրոններից իրականացվում էր առցանց հեռարձակում: Ընդհուպ մինչեւ հրապարակվեցին ընտրողների ստորագրած ցուցակները: Սա ինքնին խոսում է այն մասին, որ ընտրությունները հրապարակայնության ապահովման տեսանկյունից իրավմամբ աննախադեպ էին: Այս ամենն առաջին անգամն էր կիրառվում` ապահովելով ընտրական պրոցեսների թափանցիկությունը: Սրանով էր պայմանավորված ընտրական գործընթացների հանրային ընկալումը:

-Իշխանությունները շեշտում են, որ աննախադեպ լավ ընտրություններ են անցկացրել, ընդդիմության մի հատվածը պնդում էր, թե, ընդհակառակը, կեղծիքները շատ էին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում էլ նշված է. «Ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են այս տարվա ԱԺ ընտրությունների ընթացքը»:

-Ես չէի ցանկանա առանձնացնել որեւէ առանձին նկատառում, որեւէ առանձին դիրքորոշում: Ես կցանկանայի ընդամենը նշել հետեւյալը. անհնար է խոսել ընտրական գործընթացի մասին բացարձակ տեսանկյունից, հատկապես քվեարկության օրը, երբ հաշված ժամերի ընթացքում իրար հետ իրավահարաբերությունների մեջ են մտնում հարյուր, հազարավոր քաղաքացիներ: Այդ դեպքում միշտ էլ հնարավոր են ինչ-ինչ իրավիճակներ, տեղի են ունենում առանձին խախտումներ, ԸՕ կանոնակարգումները բոլորի կողմից ամբողջական ու լիարժեք չեն կիրառվում: Բայց ես կարծում եմ` ԸՕ-ով ամրագրված լուծումները եւ լիարժեք կյանքի կոչումը նպաստեցին ընտրությունների նկատմամբ լիակատար հանրային վերահսկողության իրականացմանը եւ թափանցիկության ապահովմանը:

-Ընտրակաշառք բաժանելը կամ ընտրողների նկատմամբ ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը տեղամասերից դուրս էր արվում, եւ այդ մասին խոսում էին համատարած:

-Հանրորեն վտանգավոր որեւէ արարքը, հանցագործությունը, այդ թվում` ընտրակաշառքը միանշանակ մերժելի է: Այդ երեւույթները հանդիսանում են քրեորեն պատժելի արարքներ, ամրագրված են քրեական օրենսգրքում: Երբ մենք խոսում ենք նման երեւույթների մասին, պետք է առաջին հերթին նկատի ունենանք նաեւ այդ երեւույթը կանխող միջոցները: Երբ քաղաքացիները խոսում են այդ երեւույթների մասին, պետք է ոչ թե պարզապես բարձրաձայնեն` բարձրաձայնելու համար, այլ եթե իրականում առկա են փաստեր, պետք է այդ մասին պատշաճ դիմեն իրավապահներին: Եթե մեզանից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում պայքարել ընտրակաշառքի դեմ, ապա պետք է մերժողական վերաբերմունք դրսևորի` այդ երեւույթը մեկընդմիշտ արմատախիլ անելու համար:

-Խնդիրն էլ այն է, որ կողմնակի մարդուն ընտրակաշառքի մասին լուրն ապացուցելը դժվար է, որովհետեւ այստեղ երկուստեք են շահագրգռված, եւ այդ գումարը վերցնողը չի դժգոհի, չի հայտնի կատարվածի մասին իրավապահներին:

-Ես Ձեզ հակառակ հարցը տամ` երկուստեք շահագրգռվածության դեպքում որտեղի՞ց են լինում նման հայտարարություններ, բարձրաձայնումներ:

-Դե, ոչ թե դժգոհում են, այլ պատմում են, թե ինչպես կարողացան այս կամ այն թեկնածուի շտաբից ստանալ փողը: Հայտարարություն լինում է, բայց ոչ դժգոհության տեսքով:

-Ցավոք, բայց մեզանում շատ ենք տեսնում, երբ ընտրական գործընթացում այս կամ այն երեւույթի մասին հայտարարությունները հիմնված են լինում անհասկանալի, չբացահայտված, չբարձրաձայնվող աղբյուրների, քան կոնկրետ փաստերի վրա: Իսկ եթե լինում են փաստեր, այդ մասին բարձրաձայնողը ներկայացնում է նաեւ փաստերը:

-Քաղաքական կամքի առկայության դեպքում իշխանությունները կարո՞ղ են բացառել ընտրակաշառքը, թե՞ ոչ:

-Ես միանշանակ համոզված եմ` ընտրակաշառքի դեմ պայքարելու քաղաքական կամք միանշանակ առկա է, դրա դրսեւորումն է այդ երեւույթի քրեականացումը, թե քրեական օրենսգրքում այնպիսի իրավակարգավորումների ամրագրումը, որոնք նպատակ ունեն բացահայտելու հանցագործությունը:

-Ուրիշի փոխարեն քվեարկության կամ կրկնաքվեարկության փորձեր եղան եւ բացահայտվեցին, բայց ընտրակաշառք տալու համար որեւէ մեկը չձերբակալվեց:

-Ընտրակաշառքի մասին բոլոր հայտարարությունները, ԶԼՄ-ներում հրապարակումներն ուսումնասիրվել են իրավապահ մարմինների կողմից: Ինձ ծանոթ չէ որեւէ դեպք, որեւէ հայտարարություն, որ դուրս մնացած լինի իրավապահների ուշադրությունից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս