Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարը, որի հետևանքով երկու ոստիկան է մահացել, շարունակում է հասարակական լայն քննարկման թեմա մնալ: Այսօր հրապարակվեց ամղկահարույց վթարի տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ԲՄՎ ավտոմեքենան սլանալիս բախվում խաչմերուկն անցնող Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային: Տեսանյութը դիտելով` կարելի է եզրակացնել, որ ՃՈ ավտոմեքենան փողոցն անցնում է այն պահին, երբ մյուս ավտոմեքենաները շարունակում են տեղում կանգնած մնալ, իսկ մյուս մեքենան գերազանցել է թույլատրելի արագությունը:
Ի վերջո, ճանապարհային երթևեկության որ կանոնների խախտման հետևանքով է տեղի ունեցել մահվան ելքով վթարը, և ովքեր են մեղավորները: Այս հարցերի պատասխանները, թերևս, կստացվեն քննության ավարտին:
Իսկ մինչ այդ ArmLur.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ իրավապահ մարմիններից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ին հորդորեցին դիմել ՀՀ քննչական կոմիտե: Այնտեղից էլ մեր հարցին ի պատասխան նշեցին, թե այս պահին չեն կարող հստակ որևէ պատասխան տալ` մինչ չստացվեն համապատասխան փորձաքննությունների պատասխանները:
ArmLur.am-ը զրուցեց փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ, ով նաև մասնագիտացած է ճանապարհատրանսպորտային պատահարների հարցերով: Վերջինս նշեց, թե տեսանյութում հստակ երևում է, որ ԲՄՎ ավտոմեքենայի վարորդը գերազանցել է արագությունը, սակայն Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի` կարմիր լույսի տակով անցնելու խոսակցությունների մասին հստակ որևէ բան չի կարող ասել:
Բալոյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մինչ փորձաքննություններին սպասելը Սարգիս Վարդանյանին ձերբակալելը թերևս կապ ունի նրա հնարավոր փախուստը կանխելու հետ: Փաստաբանը նկատեց, որ վերջինս փախուստի էր դիմել նաև դեպքի վայրից, հետևաբար իրավապահների մտավախությունն այն է եղել, որ վերջինս կրկին կարող էր նման քայլի դիմել:
«Նման դեպքերում ձերբակալման որոշում կայացնում են` ելնելով այն հանգամանքից, թե ով է անձը: Բացի այդ, եթե ձերբակալվել է, չի նշանակում, թե մեղավոր է»,- նկատեց նա:
Իսկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեկնաբանեց այսպես. «Բացառիկ դեպքերում կարելի է տեսանյութից ենթադրություններ անել: Չի կարելի հստակ ասել, թե որ կողմն է մեղավոր: Սակայն ենթադրվում է, որ ոստիկանական մեքենան խաչմերուկն անցել է կարմիր լույսի առկայությամբ, քանի որ ճանապարհի մյուս հատվածի տրանսպորտային միջոցները կանգնած էին: Իսկ մյուս կողմը վթարը կանխելու հնարավորություն է ունեցել: Առանց համապատասխան գործողությունների չենք կարող հստակ ասել, թե որ կողմն է մեղավոր: Տրանսպորտային միջոցի արագությունը միայն տեսանյութով չենք կարող որոշել»:
Նաիրա Հովհաննիսյան