Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը միայն հիմա հիշեց Հարկային օրենսգրքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ: 2017 թվականի աշխատանքներն ամփոփելուց ու 2018-ի ծրագրերը ներկայացնելուց հետո Սերժ Սարգսյանը դիմելով Վարդան Արամյանին նշել է, թե պետք է ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելու ոչ հեռանկարային գործելաոճից:

Այս հայտարարությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ հարկային օրենսդրության հաճախակի փոփոխության բացասական ազդեցության մասին ոչ մեկ անգամ խորհրդարանում բարձրացրել են ընդդիմադիր խմբակցությունները, սակայն իշխող ՀՀԿ-ն անդրդրվելի է մնացել և յուրաքանչյուր անգամ կարողացել անցկացնել փոփոխությունների նախագծերը:

Ընդ որում, Հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից և Սերժ Սարգսյանն էլ տարեվերջին ստորագրել էր այն: Բնականաբար, Սերժ Սարգսյանը մշտապես տեղյակ է եղել յուրաքանչյուր փոփոխությունից, սակայն ֆինանսների նախարարի հետ հանդիպման ժամանակ այնպես էր խոսում, կարծես հենց այդ պահին տեղեկացավ Հարկային օրենսգրքի փոփոխության մասին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերին, երբ խորհրդարանում քվեարկության էր դրվում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ նման օրենքների նախագծերի նկատմամբ պետք է ցուցաբերել հետևողականություն ու 5-6 ամիսը մեկ փոփոխություններ չներկայացնել խորհրդարան:

«Ձեռնարկատերերը, բիզնեսմենները չեն կարող աշխատել փոփոխությունների տիրույթում»,- հայտարարեց Մելքումյանը:

Եվ հիմա, երբ նախագիծն արդեն ընդունված է և հունվարի 1-ից էլ ուժի մեջ է մտել, Սերժ Սարգսյանը այդպիսի կոչ անում: Սակայն, եթե նախագահն առարկություն ուներ, պետք է այն նախապես ներկայացներ, որպեսզի այս օրենքը չփաթաթվեր գործարարների վզին ու չհանգեցներ թանկացումների:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս