ԱՄՆ-Ռուսաստան նոր հակամարտությունն ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկն օրերս նշել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»:

Բլանկի խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել. «Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել մի ամբողջ կառավարություն»:

Սակայն ռուս փորձագետները չեն շտապում կարծել, թե այս պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ ռուսական զենքի վաճառքին, այդ թվում` դեպի Հայաստան: Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ ամենը կախված է նրանից, թե որ ընկերությունների դեմ կարող են կիրառվել պատժամիջոցները:

Նա կարծիք հայտնեց, որ պետական ընկերության դեմ դժվար թե սահմանվեն պատժամիջոցներ, քանի որ դա կնշանակի անբարեխիղճ մրցակցություն: «Դա կնշանակի, որ ԱՄՆ-ն ուզում է պարզապես Ռուսաստանին դուրս մղել զենքի միջազգային շուկայից: Հայաստանը սուվերեն պետություն է և ինքը կարող է կայացնել իր որոշումները»,- կարծիք հայտնեց Վլադիմիր Եվսեևը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս