Ըստ հաղորդման` քննիչները քրեական գործերով ապացույցներ են կեղծել. ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից քրեական գործերով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, տեղեկացնում է Հատուկ Քննչական ծառայությունը:

Այսպես, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում խուլիգանության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Հ. Վ.-ն հաղորդում է տվել, որ հիշյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած` ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր հարցաքննության արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է շարադրել:

Մասնավորապես, ըստ Հ. Վ.-ի` հարցաքննությունների ընթացքում ինքը նշել է, որ որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել քրեական գործով անցնող երկու մեղադրյալների միջև, սակայն քննիչը հարցաքննությունների արձանագրություններում գրի է առել է, թե ինքը, իբր, ներկա է եղել վերջիններիս կողմից վիճաբանելու և միմյանց հարվածելու դեպքին:

Մյուս քրեական գործի նյութերի համաձայն` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճռում արձանագրվել են խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն:

Մասնավորապես, դատարանի կարծիքով` վրաերթի փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Գ. Հ.-ի հարցաքննության ժամանակ քննիչը դիտավորյալ չի արձանագրել քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք ելակետային տվյալներ, այլ դրանք արձանագրության մեջ լրացրել է ավելի ուշ` հարմարեցնելով հարցաքննությունից հետո ձեռք բերված այլ ելակետային տվյալներին:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս