«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի Արագած համայնքի Մեխակ Մեխակյանի անվան դպրոցը մարզում լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցներից մեկն է: Դասարանները տաքացվում են հեղուկ վառելիքով: Այստեղ հավաստիացնում են` կրակը միշտ վառարանում բոցկլտում է, սառնամանիքներին դասասենյակներում վերարկուով դասեր չեն անցկացնում:
Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Ասել, որ այսօրինակ ջեռուցումը բոլորի սրտով է, սխալ կլինի:
«Եթե լոկալ ջեռուցման համակարգ լինի, շատ լավ կլիներ, գիտեք` վառարանը մնում է վառարան: Ճիշտ է` տաքություն ապահովում ենք, բայց այն չի, ոնց որ ջեռուցման ցանց լինելու դեպքում է: 18 աստիճան ջերմություն կարողանում ենք ապահովել: Շատ ցրտերի ժամանակ էլ մի բան անում ենք, որ ցուրտ չլինի եւ դասապրոցեսը նորմալ հունով ընթանա»,– «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վրեժ Սայադյանը:
Հեղուկ վառարաններն այստեղ չեն նախընտրում նաեւ այլ պատճառով: Դասասենյակների օդը ծանր է: Տհաճ հոտն այստեղ անբաժան է: Ծնողները բողոքում են, որ երեխաների վրայից նավթի հոտ է գալիս:
«Քամիների ժամանակ ծուխը հետ է փչում եւ ծխի, նավթի հոտը լցվում է դասասենյակները: Երեխաների վրայից նավթի ու ծխի հոտ է գալիս»,– սրտնեղեցին ծնողները:
Երեխաները ցրտից պաշտպանվելու ձեւը գտել են` իրենց հետ փոքրիկ բարձեր են տանում դպրոց: Ծնողները պատմեցին, որ փոքրիկ բարձերն ու ծածկոցները երեխաների պայուսակներից անպակաս են:
Տնօրենն այս խնդիրների մասին լավ գիտի, այն լուծելու ցանկությունը մեծ է, բայց այդքան բյուջե չկա:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում