
Կառավարության այսօրվա նիստում հերթական անգամ գործադիրը կմերժի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը։ Այս անգամ նա առաջարկել է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում: ԴԱՀԿ նախկին պետն առաջարկում է որպես գույքն արգելանքից հանելու հիմք՝ նախատեսել՝ «առկա է արգելադրված գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»:
Սակայն, ըստ գործադիրի անդամների, այդ դրույթում անհրաժեշտ է հստակեցնել «այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ» ձևակերպումը` սահմանելով, որ խոսքը սեփականության իրավունքի ճանաչման մասին է:
Ուստի, համաձայնելով առաջարկվող փոփոխության ընդհանուր գաղափարի հետ, այդուհանդերձ, կառավարությունը գտնում է, որ այն ունի համակարգային բնույթ, ուստի այն անհրաժեշտ է քննարկել թղթակցվող կարգավորումների հետ համակարգային կապի մեջ: