Վարորդների «կաշին քերթող» կարմիր գծերից քաղաքացիների դժգոհությունները չեն դադարում։ Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանը, երբ հիմնադրեց «կարմիր գծերի» ինստիտուտը, միայն մայրաքաղաքի փողոցները կարմիրով ներկվեցին։
Երևանում վճարովի կայանատեղիները, կամ այսպես կոչված` «կարմիր գծերը», որոնց իմաստն ու նպատակն այդպես էլ անհայտ են մնում (հայտնի չէ, թե ինչ շահեց քաղաքը նորամուծությունից), «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերությանն էին պատկանում, և վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը փոխանցվում էր այդ ընկերության դրամարկղ:
Ըստ էության ծախս չկատարելով ու ծառայություն չմատուցելով` «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը միայն գումար էր հավաքում վարորդներից։ Ի վերջո, երբ դժգոհությունները խորացան, անցած տարվա վերջին Երևանի քաղաքապետարանը՝ որպես նվիրատվություն, ստիպողաբար ձեռք բերեց «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության 100 տոկոս բաժնեմասը:
Բայց վարորդների կյանքում ոչինչ չփոխվեց. դարձյալ ծառայություն չի մատուցվում։ Ավտովարորդները հիմա էլ նոր խնդրի առաջ են կանգնել:
Պարզվում է ոչ նախկին, ոչ ներկայիս սեփականատերերը տեղյակ չեն` ինչ է կատարվում գծերից այս կողմ:
ArmLur.am-ի նկարահանող խումբը շրջայց կատարեց մայրաքաղաք Երևանի փողոցներով: Այս անգամ առանձնացրինք Կենտրոն համայնքը ու բախվեցինք հետևյալ իրականությանը. պարզվում է «կարմիր գծերը» նոր «տերեր» ունեն, տերերն էլ ո’չ ավել, ո’չ պակաս առանձին օբյեկտներ են` կայանատեղիների բիզնեսի հետ որևէ կապ չունեցող: Ում ինչպես հարմար է, արգելում է իր օբյեկտի մոտ կարմիր գծերի հատվածում մեքենա կայանել։
Ինչ է սա նշանակում. մինչ վարորդները վճարում են կայանելու համար, ինչ որ օբյեկտների տերեր սյուներ են տեղադրում` խոչընդոտելով վարորդներին կայանել օրենքով իրենց հասանելիք վայրում: Ստացվում է, որ ավտովարորդները վճարում են ամբողջ փաթեթի համար, բայց չեն օգտվում իրենց վճարածի դիմաց հասանելիք ծառայություններից։
Թե ինչու է քաղաքում այսպիսի մենաշնորհային և անկառավարելի վիճակ ստեղծվել, դժվար չէ պատկերացնել` հաշվի առնելով ուղտի ականջում քնած Երևանի քաղաքապետարանի գործելաոճը: