Սպանություն, որը ցնցեց բոլորին ու չնայած մեղավորն իր պատիժն արդեն կրում է, սակայն սա այն գործերից է, որոնց դեպքում դատարանի վճռով պատմությունն ավարտված համարել չի կարելի։ Հանրությունը եւ Ավեստիսյանների հարազատները շարունակում են բազմաթիվ հարցեր բարձրացնել, որոնք պատասխան այդպես էլ չստացան։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում: Նրանց մահը վրա էր հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, սակայն յոթ օր հետո նույնպես մահացավ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել էին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք էին տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, 2015 թ. հունվարի 14-ին որոշում էր կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թ. հունվարի 13-ից:
ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:
Պերմյակովը դատարանում հանդես էր եկել վերջին խոսքով և հայտարարել, որ լիովին ընդունում է իրեն առաջադրված մեղքը, զղջում է իր արարքի համար և պատրաստ է կրել դատարանի կողմից առաջարկված պատիժը: