«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսական տարին վտանգված է: Նման կանխատեսում են անում գյուղատնտեսները՝ բերքի հնարավոր կորուստները պայմանավորելով տաք ու հիմնականում առանց տեղումների եղանակով:
Եղանակային այս պայմանները հատկապես անբարենպաստ են պտղատու ծառերի համար: Ըստ մասնագետների, հնարավոր է, որ ծառերը ժամանակից շուտ բողբոջեն, ինչի արդյունքում կմեծանա ցրտահարության ռիսկը:
Ջերմ ձմեռը, սակայն, ջերմոցատերերի սրտով է: Եղանակը ստիպել է հողագործներին գազը խնայողաբար օգտագործել: Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Արմեն Սիմոնյանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջերմատներում 30%–ով քիչ է գազ վառել:
«Ջերմատնային տնտեսություններում այս պահին բերքատվությունը ռեալ է, բարձր բերք կստանանք այն դեպքում, եթե տաք եղանակին չհաջորդեն մառախլապատ եւ ամպամած օրերը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց գյուղացին:
Նրա խոսքով՝ վառելիքի տնտեսումն էլ կբերի բերքի էժանացման: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս սեզոնին բերքի գինը 100–200 դրամով պակաս կլինի:
«Էժանացում կլինի: Վաղ գարնանը կարտոֆիլի գինը չի սկսվի 1000 դրամից, այլ՝ 300–400–ից, նույնը նաեւ ջերմատներում աճեցվող մյուս վաղահաս բերքի մասին է խոսքը: Մենք քչով կշտացող ժողովուրդ ենք, մեզ շատ մեծ շահույթներ պետք չեն, թող մի 5% լինի մեր եկամուտը, դա մեզ ամբողջովին բավարար է»,– նշեց նա:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում