Ինչպես հայտնի է` մինչև մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի ՀՀ չորրորդ նախագահին, ով սակայն ի տարբերություն երկրի մյուս երեք ղեկավարների, ավելի փոքր լիազորություններ է ունենալու: Եվ մինչ մոտենում են խմբակցությունների կողմից նախագահի առաջադրման համար նախատեսված ժամկետը, այնքան սկսում են շրջանառվել իշխող ուժի կողմից ներկայացվելիք հավանական թեկնածուների անուններ: Նրանցից մեկն էլ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է: Իսկ որքան է կազմում նախագահի ամենահավական թեկնածուի ունեցվածքը:
ArmLur.am-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված ՍԴ նախագահի գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրից տեղեկացավ, որ` Գագիկ Հարությունյանը 2016 թվականին իր հաշվին ունեցել է 4 մլն 600 հազար դրամ, 6500 դոլար և 1250 եվրա: Ընդ որում, եթե արտարժույթով առկա նրա դրամական միջոցները նվազել են, ապա 2015-ին նա ուներ 2 մլն 950 հազար դրամ, որը հաջորդ տարի դարձել էր 4 մլն:
2016 թվականին ՍԴ նախագահը ոչ մի շարժական կամ անշարժ գույք ձեռք չի բերել. համենայնդեպս հայտարարագրում այդ մասին որևէ տեղեկություն չկա: Իսկ մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է գրեթե 16 մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից: Ընդ որում, առկա են նաև արտարժույթով վճարումներ:
Իսկ Գագիկ Հարությունյանի կինը` Անահիտ Խաչատրյանը, ըստ հայտարարագրի, իր հաշվին ունի 1 մլն 546 հազար դրամ և 12.500 դոլար, իսկ մեկ տարվա եկամուտն էլ միայն կենսաթոշակն է`396 հազար դրամ: