Ինչ պայմաններում է վիրավորվել զինծառայող Ալբերտ Դալլաքյանը, որի համար Պնախարարը գումար է հավաքում եւ որտե՞ղ է հրամանատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարությամբ էր հանդես եկել` դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:

Հայտարարությունը ՀՀ Պաշտպանության նախարարն արել էր սոցցանցի իր էջում, որից հետո մեկնաբանություններում ակտիվ քննարկվում է այդ հարցը, և բազմաթիվ օգտատերեր հարցեր էին ուղղում նախարարին, թե ինչու ՊՆ չի կարող հոգալ այդ ծախսերը, մասնավորապես, ստեղծված 1000 դրամների հիմնադրամը։ Այս և նմանատիպ հարցերին Վիգեն Սարգսյանը շատ կոպիտ է պատասխանում։

Մեկնաբանություններում քաղաքացիներից մեկը գրում է, որ այս կոչն էլ բոշության նոր ձև է, ինչին հաջորդում է նախարար Վիգեն Սարգսյանի պատատսխանը՝ «բոշան դու ես»։

Զինծառայողը, ի պատասխան նախարարի կոչի, լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ ինքը չէր ցանկանա, որ իր վիրահատության գումարը Պաշտպանության նախարարի կոչով հավաքվեր, բայց այլ ելք չկա: «Ցանկանում էի, որ իմ բուժման հարցերն այլ կերպ լուծվեին, սակայն արդեն երեք ամիս է` սպասում եմ այդ գումարին, որը չկա»:

Իսկ երբ և ինչ պայմաններում է վիրավորվել Ալբերտ Դալլաքյանը

ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակից ավելի վաղ հայտնել են, որ զինծառայող Ալբերտ Դալլաքյանը, ով բռնցքամարտիկ է, ՌԴ-ից եկել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար:

2015 թ. հուլիսի 20-ին զորակոչվել է Վանաձոր քաղաքից եւ զինվորական ծառայության անցել Հադրութի զորամասում: Ըստ մոր՝ Արմինե Ղազարյանի հայտնած տեղեկությունների՝ Ա. Դալլաքյանը 2016 թ.-ի հունիսի 24-ին գտնվել է մարտական հերթապահության մեջ (մարտական հերթապահությունը պետք է ավարտվեր հուլիսի 1-ին) եւ ժամը 19:00-ի սահմաններում հանձնել է դիրքը: Մարտական հերթապահությունը ավարտելուց հետո դիրքի ավագ, հրամանատար Ավագ Նահապետյանը, ըստ զինծառայողի հարազատների հայտնած տեղեկության, զենքի հետ անզգույշ վարվելու կամ դիտավորյալ կրակոցի արձակման հետեւանքով վիրավորել է Ալբերտ Դալլաքյանին:

Վերջինս 2016 թ.-ի հունիսի 27-ին վիրահատվել է Ստեփանակերտի հոսպիտալում, որից հետո տեղափոխվել է Երեւանի կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալ:

Ով է հրամանատարը և որտեղ է հիմա

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը: Քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել լեյտենանտ Ավագ Նահապետյանին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատական տեղեկատվական համակարգում, սակայն, տեղեկությունը սահմանափակված է:

Այդուհանդերձ, ըստ Դալլաքյանի հարազատների` հունիսի 24-ին լեյտենանտն՝անզգուշություն է ցուցաբերել, զենքը մաքրելիս մատը կպել է, կրակել եւ վիրավորել է Ալբերտին: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ հրամանատարը հեռացվել է զինված ուժերից:

Ի դեպ, ի սկզբանե հայտարարվում էր, թե զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից:

Հրամանատարին առաջադրված մեղադրանքի մանրամասները

ՀՀ Քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա. Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:




Լրահոս