Կարմրուկի բռնկում Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Համաձայն promedmail.org կայքի` 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։

2017 թվականի 11 ամսվա ընթացքում Ուկրաինայում գրանցվել է հիվանդության 3382 դեպք, որը 43 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հատկապես անբարենպաստ է իրավիճակը Իվանովո-Ֆրանկովսկում (1049 դեպք), Օդեսայում (931 դեպք) և Զակարպատիեի շրջանում։ Օդեսայում գրանցվել է կարմրուկի մահվան 5 դեպք, որից 3-ը՝ երեխա։ Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ բռնկման պատճառը կարմրուկի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունն է։ 2016 թվականի տվյալներով՝ կարմրուկի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 50 տոկոսից ցածր է։

Դեռևս 2015 թվականի արդյունքներով` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ուկրաինան ներառել է աշխարհի այն 10 երկրների ցանկում, որտեղ մանկական վարակների՝ կարմրուկի, դիֆթերիայի, կապույտ հազի պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ցածր է։ Կոլեկտիվ իմունիտետի ապահովման համար անհրաժեշտ է առնվազն 90 տոկոս պատվաստված բնակչություն, սակայն Ուկրաինայում կարմրուկի դեմ 1 դեղաչափ ստացել է բնակչության 45, երկու դեղաչափ՝ ընդամենը 30 տոկոսը։

2017 թվականի դեկտեմբերից 2018 թվականի հունվար ժամանակահատվածում գրանցվել է կարմրուկի 16 դեպք Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետությունում։ Գրանցված առաջին դեպքերը համաճարակաբանորեն կապված են Կրասնոդարի երկրամասի հետ։ Հիվանդներից 3-ը չպատվաստված երեխաներ են։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ կարմրուկի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի առկայության պարագայում կարմրուկն ամբողջ աշխարհում վաղ հասակի երեխաների մահվան հիմնական պատճառներից մեկն է։

ԱՀԿ տվյալներով՝ ամեն տարի աշխարհում կարմրուկով հիվանդանում է 24-ից 30 միլիոն մարդ, որոնցից 800000-ը մահանում են հիվանդության բարդություններից։ Դա նշանակում է՝ կարմրուկից ամեն օր մահանում է 314, ամեն ժամ՝ 13 մարդ։

Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և նրա հետևանքով առաջացած բարդությունները:

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարենպաստ է, տեղական դեպքեր չեն գրանցվում։ Արձանագրվում են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում 2017 թվականին գրանցվել է կարմրուկի մեկ բերովի դեպք՝ Ռուսաստանից ժամանած չպատվաստված կնոջ մոտ:

ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին հորդորում է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ։




Լրահոս